Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման «պատմական» է որակել Հայաստանի եւ Թուրքիայի՝ հարաբերությունները կարգավորելուն միտված երկխոսությունը:
Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների (ԱՀՀ) խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին ուղղված նամակում Օբաման ընդգծել է, թե «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը պետք է ընթանա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»:
«Առաջիկա ամիսներին մենք շարունակելու ենք եռանդուն կերպով աջակցել հարաբերությունների կարգավորման ջանքերին»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը:
Հիշեցնենք, որ ԱՀՀ-ն, Հայկական ընդհանուր բարեգործական միությունն ու Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի թեմերը սեպտեմբերի 9-ին Օբամային նամակ էին հղել, որում նշել էին, թե Վաշինգտոնը պետք է Անկարային ստիպի հրաժարվել այդ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորելու փորձերից: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Հայ համայնքի ներկայացուցիչները Օբամային նաեւ կոչ էին արել հարգել իր նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Իր պատասխանում, սակայն, Օբաման կրկին խուսափել է «ցեղասպանություն» բառը գործածելուց, փոխարենը այն անվանելով «20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը»: Միաժամանակ, ԱՄՆ-ի նախագահը գրել է, որ անցյալում իր արտահայտած կարծիքները մնում են ուժի մեջ:
«Ես հավատում եմ, որ հայ եւ թուրք ժողովուրդները պետք է ճանաչեն անցյալի իրողությունները, որպեսզի առաջ շարժվելու նրանց ջանքերը հաջողությամբ պսակվեն»,- նշել է Միացյալ Նահանգների նախագահը:




























