Երգչուհի Քրիստինե Պեպելյանը եւ սիրիահայ երգիչ Ավրաամ Ռուսսոն դուետով ութ երգ են ներկայացնելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց երգչուհի Քրիստինե Պեպելյանը` չցանկանալով շատ բացել փակագծերը: Նրա խոսքով` երգերը որոշված են, ընտրվել են հայկական, ռուսական, անգլիական հայտնի երգեր, երկուական երգեր` արտիստների երգացանկից: Նրանց դուետը կներկայացվի Հանրային հեռուստաընկերության եթերում` «Մենք ու մենք» նախագծի շրջանակներում, որը հավանաբար կմեկնարկի ապրիլին:

Հարցին, թե Դո՞ւք ընտրեցիք Ավրաամ Ռուսսոյին, թե՞ նա` Ձեզ, Քրիստինե Պեպելյանը պատասխանեց. «Հատուկ ընտրություն չեղավ, Հանրային հեռուստաընկերությունն առաջարկեց այս հաղորդման շրջանակներում աշխատել Ավրաամ Ռուսսոյի հետ, ես սիրով համաձայնեցի»:

Երգչուհին պատմեց, որ շատ հետաքրքիր եւ հաճելի էր համատեղ աշխատանքը, հավաքված էր պրոֆեսիոնալ թիմ, կոնֆլիկտներ չեն առաջացել: «Ես կարծում եմ, որ ցանկացած դուետ, երբ երգում ես մարդու հետ, ունի իր հետաքրքիր եւ հիշարժան պահերը: Շատ մեծ հաճույքով աշխատեցինք իրար հետ, շատ հանգիստ արտիստ էր ինքը, առանց ավելորդ ամբիցիաների, աստղերին հատուկ  մոտեցումների, ինքը նորմալ հայ տղա է եւ շատ տեղին է, որ շատ մարդիկ իրեն սիրում եւ երկրպագում են: Բավականին լավ տպավորություն թողեց ինձ վրա թե’ որպես արտիստ, թե’ որպես մարդ»,- նշեց նա:

Քրիստինե Պեպելյանը նշեց, որ համատեղ աշխատանքի ընթացքում, երբ իրենց թիմը Ռուսսոյին ներկայացնում էր երգերը եւ դրանց տեքստերը, առաջարկում էին անգլերեն կամ ռուսերեն տառատեսակով: Ռուսսոն դրան արձագանքել է. «Ինձ տվեք հայերեն տեքստը, ես կարող եմ հայերեն կարդալ»: Երգչուհու խոսքով` Ավրաամ Ռուսսոն հանգիստ հայերեն էր կարդում, ինչպես բոլորս:

Սիրիահայ երգչի եւ Քրիստինե Պեպելյանի հետագա համագործակցության պլաններ առայժմ չկան, ստեղծագործական ընթացքը ցույց կտա, թե, օրինակ, նրանց դուետները տեղ կգտնե՞ն արտիստների երգացանկում, թե` ոչ:

Նշենք, որ 43-ամյա Ավրաամ Ռուսսոն` Աբրահամ Իփիջյանը, ով  օրերս գտնվում էր Երեւանում, Հայաստանի քաղաքացիություն է ստացել:  Ըստ լուրերի` նա  հանդիպում է ունեցել այդ օրերին Երեւանում գտնվող ուկրաինահայ մերկապարուհի եւ երգչուհի Վարդայի (Վարդանուշ Մարտիրոսյանի) հետ:

43-ամյա Ռուսոն ծնվել է Սիրիայում: Նրա հայր Ժանը Ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնի զինծառայող է եղել, իսկ մայրը` բուժքույր: Նա նույնիսկ հարազատներ ունի Հայաստանում: Հոր մահից հետո մոր հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ սկսել է զբաղվել երաժշտությամբ: 16 տարեկանից ելույթ է ունեցել սրճարաններում եւ ռեստորաններում: Համալսարանն ավարտելուց հետո` իրեն ամբողջությամբ նվիրել է արվեստին: