Վաղը խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների մասով որոշակի հստակություն կլինի. ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջին օրն է: Փետրվարի 15-ի դրությամբ ԿԸՀ-ն ոչ մի ուժից փաստաթուղթ չի ստացել:

Սակայն արդեն այսօր հայտնի է, թե ովքեր են ուշացել գնացքից: Օսկանյան-Օհանյան կազմավորվող դաշինքի հետ բանակցություններ վարող ԱԻՄ-ը ձեւավորված Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան միավորմանը մաս կազմել չցանկացավ: Պարույր Հայրիկյանի գլխավորած կուսակցությունն այսօր «Ելք»-ին միանալու ցանկություն է հայտնել, բայց այստեղ էլ մերժել են ԱԻՄ-ին:

Պատճառաբանել են. ժամանակը սուղ է: Պարզվում է՝ մինչ այս ԱԻՄ-ին դիմել էին, պատրաստակամություն հայտնել «Ելք»-ի ռեյտինգային ցանկում նաեւ ԱԻՄ-ի ներկայացուցիչների ներառել, բայց առաջարկը մերժվել է:

Մերժվածների շարքը համալրել է նաեւ Վիկտոր Դալլաքյանը: Դեռ ամիսներ առաջ իր նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցությամբ Սեյրան Օհանյանի հետ համագործակցել պատրաստվող Դալլաքյանը հրաժարվեց համագործակցել Օսկանյան-Օհանյան դաշինքի հետ, որից հետո, ըստ մամուլի հրապարակումների, պատրաստվում էր միանալ «Ծառուկյան» դաշինքին: Բայց այստեղ նրան գրկաբաց չէին սպասում. մամուլի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը մերժել է Դալլաքյանին:

Այսօր խոսել են «աութսայդերներ» ՀՌԱԿ-ն ու ՍԴՀԿ-ն: Կուսակցության սփյուռքյան կառույցների հետ տարաձայնությունների պատճառով «Ծառուկյան» դաշինքին միանալու հնարավորությունից զրկված ՀՌԱԿ-ը չի հասցրել վերջին պահին հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը եւ միայնակ մասնակցել ընտրություններին: Հակոբ Ավետիքյանն ասում է՝ որոշ դեպքերում խոչընդոտներ հարուցեցին, նաեւ բանսարկություններ եղան՝ ներսից եւ դրսից:

Երեկ Գագիկ Ծառուկյանի հետ բանակցությունները դադարեցնելու մասին պաշտոնապես հայտարարելուց հետո այսօր լրագրողներին է հանդիպել նաեւ ՍԴՀԿ ատենապետն ու արդեն նախկին գործընկերոջ ներքին խոհանոցից որոշ մանրամասներ հրապարակել: Նարեկ Գալստյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքում մեծ դեր ունի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Դաշինքում տիրող անառողջ մթնոլորտի հարցում մեղավոր է համարում նաեւ Նաիրա Զոհրաբյանին: Ասում է՝ դաշինքի ձեւավորման փուլում մամուլում որոշ հրապարակումներ եղան, որոնց հետեւում ակնհայտորեն Զոհրաբյանն էր կանգնած:

Վերջապես համապետական եւ տարածքային ընտրացուցակները հստակեցրեց ու հրապարակեց նաեւ ՀՅԴ-ն: Դաշնակցության համապետական ցուցակը գլխավորելու է Արմեն Ռուստամյանը, իսկ նախընտրական շտաբը ղեկավարելու է Աղվան Վարդանյանը:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայոց լեզվի քննություն է հանձնել եւ անցողիկ միավոր ստացել: Նոր Ընտրական օրենսգրքի պահանջն է. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում քննություն է պետք հանձնել: Մինչ այդ քննել են նաեւ Վարդան Բեյլերյանի հայերենի իմացությունը:

Մարտի 5-ից արդեն ԿԸՀ-ում գրանցված կուսակցություններն ու դաշինքները կսկսեն նախընտրական քարոզարշավը, ընտրություններն էլ կանցկացվեն ապրիլի 2-ին: Քվեարկության օրը, չնայած դժգոհություններին, դեռ չի փոխվել։

Վարչապետ Կարեն Կարապետյանը թեթեւ է նայում ընտրություններն ապրիլի 2-ին անցկացնելու որոշմանը։ Կարելի է եւ Եռաբլուր գնալ, եւ ընտրության՝ պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպմանն ասել է վարչապետը։

Ի դեպ, Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ իր համար անակնկալ չի եղել Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում չընդգրկվելը: Բայց եթե ընտրություններում Հանրապետականը հաջողության հասննի եւ հնարավորություն ստանա կառավարություն ձեւավորել, հույս ունի, որ ներկայիս թիմը շարունակի պաշտոնավարել:

Երեւանում մեկ ամսական երեխա է մահացել: Ահազանգը ստացվել է փետրվարի 10-ին, արդեն քրեական գործ է հարուցվել: Հատկանշական է քրեական գործի հոդվածը. դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Որոշ տեղեկություններով՝ երեխայի մոտ գանգի կոտրվածք է հայտնաբերվել:

Մեծ հնչեղություն է ստացել երեկ Ջաջուռում տան բակի զուգարանում ծննդաբերած կնոջ դեպքը: Մահացած նորածնի հայրը մեր թղթակցին պատմել է, որ երեխային տոպրակում փաթաթված են գտել, բայց հավաստել է, որ իր կինը նման քայլի դիմելու պատճառ չէր կարող ունենալ:

Քննչական կոմիտեն, սակայն, հերքել է այս լուրը. երեխան «պոլիէթիլային տոպրակի մեջ «փաթեթավորված» չի եղել»: Ըստ հաղորդագրության՝ հղիության 8-րդ ամսում գտնվող 30-ամյա կինը որովայնի եւ աճուկային հատվածում ցավեր է ունեցել, պտղաջրերը սկսել են հոսել, պոլիէթիլային տոպրակը դրել է պլաստմասե թասի մեջ, որպեսզի պտղաջրերն այնտեղ լցվեն: Բնական կարիքները հոգալու համար բակում գտնվող զուգարան է գնացել, որտեղ էլ ծննդաբերել է: Երեխան ընկել է հորում գտնվող տոպրակի վրա:

Գեղարքունիքում այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել. առավոտյան Արծվանիստ գյուղի տներից մեկում պայթյուն է որոտացել: 2-րդ եւ 3-րդ կարգի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 61-ամյա Անահիտ Շուքուրյանը: Կինը որոշել է առավոտյան սուրճը վայելել, միացրել է գազը, ինչին պայթյուն է հետեւել: Տան պատերից մեկն ու առաստաղը փլուզվել են:

Նույն մարզում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Իրար են բախվել Արցախի Քաշաթաղի շրջանի 24-ամյա բնակիչ Գոռ Պետրոսյանի Ford Transit-ն ու Գեղարքունիքի Ծովակ գյուղի 39-ամյա բնակիչ Կարեն Հակոբյանի «ՎԱԶ 21099» մակնիշի մեքենան: Վերջինի վարորդն ու 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Ուղեւորներից 17-ամյա Ֆիդան Հակոբյանը, գիտակցության չգալով, մահացել է: «ՎԱԶ 21»-ի վարորդն ու ուղեւորները նույն ընտանիքի անդամներ էին:

Դոլարը նորից սկսել է թանկանալ, իսկ եվրոն թուլանում է: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 513, ռուբլունը՝ 8 դրամ 48 լումա, ֆունտինը՝ 604 դրամ:

Փետրվարի 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ձյուն է սպասվում, առանձին հատվածներում՝ մառախուղ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-18-ը կնվազի 10-12 աստիճանով: Երեւանում վաղը փոփոխական ամպամածություն է սպասվում, տեղումների հավանականությունը, սակայն, փոքր է: