Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում: Ձախողումների պատճառներն այստեղ փնտրելը Սերժ Սարգսյանն անընդունելի է համարում: Այս մասին նախագահը խոսել է Հայաստանի Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ ունեցած ելույթում:
Նախագահը մեր հասարակական կյանքի կազմակերպման եւ լավ կառավարման հարցերն ազգային անվտանգության խնդիր է համարում: Ասում է՝ թերի կառավարումն ուղղակի ազդում է ազգային անվտանգության եւ երկրի պաշտպանունակության վրա: Այդ պատճառով էլ սահմանադրական փոփոխությունների գործընթաց է կազմակերպվել: Նոր Սահմանադրությամբ ազգային անվտանգության եւ պաշտպանության առումով հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորություններն ավելի լայն են լինելու, իսկ նպատակը պատասխանատվությունն ու լիազորությունները կենտրոնացնելն է:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող բանակցություններում էլ Սերժ Սարգսյանը որեւէ ճեղքում արձանագրելու հիմք չի տեսնում: Համոզված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռության պահպանումը կայունության եւ փխրուն խաղաղության պահպանման միակ միջոցն է:
Նախագահն անդրադարձել է նաեւ ընտրական գործընթացին եւ այն հանգամանքին, որ պաշտպանության նախարարը գլխավորում է Հանրապետական կուսակացության համապետական ընտրացուցակը: Այս առումով նա շեշտել է. հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են եւ ապաքաղաքական, իսկ ընտրությունները չեն խանգարի Վիգեն Սարգսյանին՝ իրականացնել պաշտոնական լիազորությունները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացվեց: Փոփոխություններով նախատեսվում է կառավարման կիսանախագահականից անցում նախագահական համակարգի:
Սահմանադրական փոփոխությունների նախագծի քարոզչության շրջանում դեմ հանդես եկող ուժերն ասում էին՝ նպատակը նախագահ Բակո Սահակյանին վերընտրվելու եւ երկարաժամկետ կառավարելու հնարավորություն ընձեռելն է: Սահակյանը գործընթացն այլ կերպ է մեկնաբանում:
Սահմանադրության հանրաքվեի ընթացքը դիտարկելու նպատակով արտասահմանյան բազմաթիվ դիտորդներ են ժամանել Արցախ: Սա Ադրբեջանին «սեւ ցուցակը» համալրելու առիթ է տվել: Լեռնային Ղարաբաղ ժամանածների մի մասին արդեն ներառել են «անցանկալի անձանց» ցուցակում, մյուսների անուններն էլ «կճշտեն ու անպայման կմտցնեն ցանկում»:
Զարուհի Փոստանջյանը, այնուամենայնիվ, հեռացավ «Ժառանգություն» կուսակցությունից: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ: Փոստանջյանը կարծում է, որ կուսակցությունը հեռացել է իր սկզբունքներից, գաղափարներից եւ ծրագրերից: Արդյունքում նա անհնար է համարում «Ժառանգությանն» իր հետագա անդամակցությունը:
Հիշեցենք, որ բոլորովին վերջերս, երբ «Ժառանգության» ներսում բուռն քննարկումներ էին ընթանում դաշինքով կամ կուսակցությամբ ընտրություններին մասնակցելու շուրջ, Փոստանջյանը, որը դեմ էր ձեւավորվող դաշինքներից որեւէ մեկին միանալուն, լրագրողների հետ զրույցում բացառել էր կուսակցությունից հեռանալու հնարավորությունը, ընդ որում՝ բավական կատեգորիկ տոնով։
Զարուհի Փոստանջյանը նաեւ հայտարարել է, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ընտրություններում չի հաղթելու. պարզապես «մեր հասարկությունն ամնեզիայով չի տառապում եւ շատ լավ ամեն ինչ հիշում է»:
Երկրապահ կամավորական միությունն էլ շաբաթ համագումար է անցկացրել, միության նախագահ է վերընտրվել Մանվել Գրիգորյանը: Նախագահության կազմում նորից ընտրել են Սեյրան Սարոյանին եւ Տարոն Մարգարյանին: Համագումարին ներկա է եղել եւ ելույթ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանը:
Վերահսկիչ պալատը նոր ղեկավար կունենա: Կառույցի նախագահի պաշտոնի հավանական թեկնածուի անունն արդեն հայտնի է: Մեր տեղեկություններով` նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ին Ազգային ժողովին կներկայացնի Լեւոն Յոլյանի թեկնածությունը: Ուրբաթ նա կսկսի հանդիպել խմբակցությունների հետ: Լեւոն Յոլյանը վեց տարի զբաղեցրել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ հետո, մինչեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ձեւավորումը, եղել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը: Իսկ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թափուր է Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո: Նա միացել է Գագիկ Ծառուկյանին եւ ղեկավարելու է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը:
Ընտրական կրքերը նոր երանգ ստացավ փետրվարի 17-ին, երբ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին։ 33-ամյա Արա Օսկանյանին անձի առեւանգման մեղադրանք է առաջադրվել։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ նա իր ազգականի հետ սփյուռքահայ երիտասարդի է առեւանգել, մեքենայով տարել Աբովյան քաղաք, զրկել ազատությունից, որպեսզի սպառնալիքով ստիպի վերադարձնել 1 մլն 500 հազար դրամ պարտքը։ Դեպքից մեկ օր անց Օսկանյանն ու նրա ազգականը ձերբակալվել էին, իսկ այսօր արդեն ստորագրությամբ ազատ են արձակվել:
Արա Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել է, որ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում, բայց պնդել է, որ Օսկանյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է: Վարդան Օսկանյանը դեռեւս ձեռնպահ է մնում կատարվածի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց: Հիշեցնենք, որ Օսկանյանի որդին նախկինում էլ է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում՝ քաղաքացուն վրաերթի ենթարկելու համար։
Աբովյան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբը պարբերաբար սկանդալի կենտրոնում է հայտնվում: Այստեղ նորից հարաբերություններ են պարզել, որը դանակահարությամբ է ավարտվել: Վիճաբանության արդյունքում հիվանդանոց են տեղափոխվել 4 երիտասարդներ. Աբովյանի 29-ամյա բնակիչ Կարեն Հովհաննիսյանը, Երեւանի բնակիչներ 28-ամյա Արամ Սարգսյանը, 29-ամյա Վահագն Աբգարյանը, 42-ամյա Արթուր Պատկանյանը: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ինչո՞ւ է վերջին մեկ ամսում բենզինի գինը կտրուկ թանկացել: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզել է ու պարզաբանումներ ներկայացրել: Հանձնաժողովը դիմել է ոլորտում գործունեություն իրականացնող երկու գերիշխող տնտեսվարող սուբյեկտներին եւ պատասխան ստացել. բենզինը ձեռք են բերում հիմնականում «Ռոսնեֆտ»-ից եւ «Լուկօյլ»-ից: 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ այս տարվա հունվար մեկ տոննա բենզինի մատակարարման գները նվազել են մինչեւ 118 դոլարով, արդյունքում բենզինն էժանացել է նաեւ Հայաստանում: Իսկ հունվարից բենզինի մեկ տոննայի գինը բարձրացել է մինչեւ 136 դոլարով՝ Հայաստանում մեկ լիտրի հաշվարկով թանկանալով մինչեւ 30 դրամով: Ավելացել է նաեւ Բուլղարիայից եւ Ռումինիայից արտահանվող բենզինի մեկ տոննայի գինը՝ մինչեւ 74 դոլարով: Այս ամենի հետեւանքով էլ, Հանձնաժողովի եզրակացությամբ, թանկացել է նաեւ Հայաստանում վաճառվող բենզինի գինը:
Ձյան պատճառով Երեւանում արտակարգ դեպքեր են գրանցվել: Մայրաքաղաքի Վարդաշեն թաղամասում տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից փլուզվել է, մեկ այլ տանն էլ կցակառույցի պատն է փլուզվել: Բնակիչները դիմել են համայնքապետարան՝ օգնության խնդրանքով, բայց պատասխան դեռ չեն ստացել: Այստեղ մտահոգություն ունեն, որ կարող է վնասվել հարեւանությամբ անցնող գազատարը:
Իսկ Նոր Արեշի տներից մեկում երեկ երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել: Տանտիրոջ խոսքով՝ հրդեհի պատճառը հոսանքի լարերն են: Կրակի բռնկման պահին ընտանիքի անդամները տանն են եղել, բայց ժամանակին հասցրել են փողոց դուրս գալ: Հարեւանները պատմում են, որ թանձր ծուխ է եղել, մի քանի հրշեջ մեքենաներ երկար ժամանակ չեն կարողացել հանգցնել կրակը:
Հենրիխ Մխիթարյանը կրկին աչքի է ընկել հրաշալի գոլային փոխանցմամբ: «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն անգլիական ակումբի Twitter-ի պաշտոնական էջի քվեարկությամբ «Բլեքբերն Ռովերսի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի արտագնա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել: 28-ամյա հայ ֆուտբոլիստի գոլային փոխանցումը հաղթական ավարտին է հասցրել Մարկուս Ռեշֆորդը՝ հավասարեցրելով հաշիվը: Մոուրինյոյի գլխավորած թիմն արդյունքում 2:1 հաշվով հաղթանակ է տարել: Հավելենք, որ լավագույն խաղացողի թեկնածուներ էին նաեւ Էշլի Յանգն ու Զլատան Իբրահիմովիչը:
Դոլարը հաստատուն քայլերով շարունակում է ամրապնդել դիրքերը, իսկ եվրոն էժանացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 517, ռուբլունը՝ 8 դրամ 40 լումա, ֆունտինը՝ 606 դրամ:
Շաբաթվա կեսից եղանակը վերջապես կտաքանա: Իսկ մինչ այդ, փետրվարի 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը բարձրադիր գոտիներում կդիտվի -13-15, ցածրադիր գոտիներում՝ -20-22 աստիճան, ցերեկը՝ -3-5 աստիճան ցուրտ:











