Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող բանակցություններում որեւէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին ես չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա, իր խոսքում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես, նշել է.
«Այդ պարագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռության պահպանումը կայունության եւ փխրուն խաղաղության պահպանման միակ միջոցն է:
Պաշտոնական Բաքուն մշտապես փորձում է մեզ մեղադրել ձեւավորված ստատուս-քվոն երկարաձգելու փորձերի մեջ: Սա իրականությանը չի համապատասխանում: Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ մենք, իրոք, ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի, բայց իրականությունը այս է՝ ադրբեջանցիներն առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք մեզ համար անընդունելի են, ուստի այս պատճառով խնդիրը չի լուծվում: Երբ նրանք կհասկանան, թե ինչպիսի լուծում կարող է իրականություն դառնալ, այն ժամանակ էլ խնդիրը կկարգավորվի: Այս պատճառով էլ Ադրբեջանն անընդհատ դիմում է մանր ու մեծ սադրանքների, որպեսզի սրի իրավիճակն առաջնագծում եւ այդ ձեւով իր մասին հիշեցնի մեզ եւ միջազգային հանրությանը:
Այդ քարոզչական հնարքները սին են եւ դատապարտված են ձախողման: Մեր դիրքորոշումը հետեւյալն է. արդեն հաստատված հրադադարը չի կարելի փոխել ավելի վատ պայմաններով հաստատվող հրադադարի հետ: Մենք պետք է բանակցենք եւ ամուր հիմքեր դնենք երկու ժողովուրդների միջեւ բնականոն շփումներ եւ խաղաղություն հաստատելու համար:
Այո՛, հակամարտության կողմերը պետք է բանակցեն ամուր, վստահելի, ստուգման ենթակա մեխանիզմների վրա հիմնված խաղաղության շուրջ: Այդ ճանապարհին առաջին ճիշտ քայլը կարող էր լինել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի անցած տարվա հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների բարեխիղճ իրականացումը: Սակայն, ցավոք սրտի, Ադրբեջանի ղեկավարությունը չի խորշում նույնիսկ միջազգային ամենաբարձր մակարդակում հանձնառություններ ստանձնելուց եւ հաջորդ օրը դրանցից հրաժարվելուց:
Հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում: Մենք հստակ ենք գնահատում իրավիճակը եւ Ադրբեջանից չենք ակնկալում միակողմանի զիջումներ: Նույնը պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցի այս պարզ, ավելի ճիշտ՝ շատ պարզունակ հանգամանքը:
Ուստի, մենք ջանք ու եռանդ չենք խնայելու ուժերի հավասարակշռության պահպանման համար: Մենք Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու կարիքը չունենք:
Թո՛ղ Ադրբեջանը մրցակցի իր իսկ հավակնությունների հետ: Սակայն մենք վստահաբար շարունակելու ենք այնպիսի կարողությունների ձեւավորումը, որոնք կապահովեն պաշտպանության արդյունավետ կազմակերպում, ինչպես նաեւ՝ հակառակորդի հնարավոր ագրեսիային շեշտակիորեն ազդելու կարողություն:
Ստեղծված պայմաններում ուժերի հավասարակշռությունը պարզապես անփոխարինելի է երկու ժողովուրդների կենսագործունեության համար: Այդ հավասարակշռության հիման վրա հնարավոր է բանակցել հաշտության շուրջ: Ուժերի եղած հավասարակշռությունը խախտելու փորձերը ուղղակի հղի են նոր ռազմական գործողություններ սադրելու վտանգով»:



























