Ֆրանսիական Alpine ավտոմոբիլային ապրանքանիշը ներկայացրել է A110 սպորտային ավտոմեքենայի նոր սերնդի դիզայնի առաջին պատկերացումը, որը կներկայացվի 2027 թվականին։ Ապագա մոդելը կդառնա ապրանքանիշի լեգենդար սպորտքարի առաջին ամբողջությամբ էլեկտրական տարբերակը, գրում է Autocar-ը։
Պատրաստի ավտոմեքենայի փոխարեն Alpine-ը ցուցադրել է բնական չափի քանդակ, որը հանրությանը կներկայացվի հաջորդ ամիս Փարիզի ավտոսրահում։ Այն արված է յուրօրինակ ծածկոցի ձևով, որը հիշեցնում է այն պաշտպանիչ ծածկերը, որոնցով ավտոարտադրողները թաքցնում են նոր մոդելները մինչև պաշտոնական պրեմիերան։ Միևնույն ժամանակ քանդակը բավականին ճշգրիտ փոխանցում է ապագա A110-ի հիմնական գծերը։
Ավտոմեքենան կպահպանի Alpine-ին բնորոշ ցածր և հոսուն ուրվագիծը։ Ներկայացված նմուշից դատելով՝ այն կպահպանի առջևի մասի ապրանքանիշային V-աձև ձևավորումը, սակայն կհայտնվեն վեցանկյուն լուսարձակներ և թափքի կողային հատվածներում ավելի արտահայտիչ քանդակային տարրեր։
Alpine-ի գլխավոր դիզայներ Անտոնի Վիլենի ասելով՝ նոր A110-ի ստեղծման ժամանակ դիզայներները ոգեշնչվել են բնությունից, օդի շարժումից և Concorde գերձայնային ինքնաթիռից, որը մշակվել էր Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ ջանքերով։
«A110-ի երրորդ սերնդի համար մենք ցանկանում էինք ստեղծել ավելի արտահայտիչ մի բան, ուստի դիմեցինք Concorde-ին այն պահին, երբ այն հաղթահարում է ձայնային պատնեշը, և դա օգտագործեցինք որպես թափքի կողային հատվածների ձևի ոգեշնչման աղբյուր»,- պատմում է Վիլենը։
Բնական չափի քանդակը միաժամանակ ցույց է տալիս, որ նոր A110-ը կպահպանի ներկայիս սերնդին հատուկ մոտավորապես նույն բարձրությունը։ Դա հատկապես կարևոր է էլեկտրական սպորտքարի համար, քանի որ կոնստրուկտորները պետք է տեղավորեն ծանր մարտկոցը՝ առանց ավտոմեքենան բարձր ու զանգվածային էլեկտրամոբիլի վերածելու։
Նոր A110-ը կկառուցվի Alpine-ի մշակած Performance Platform (APP) հարթակի վրա։ Ի տարբերություն տարածված այն կառուցվածքի, որտեղ մարտկոցային փաթեթը տեղակայվում է գրեթե ամբողջ հատակի մակերեսով, APP-ը թույլ է տալիս մարտկոցները տեղադրել ինչպես առջևում, այնպես էլ հետևում։ Դա հնարավորություն է ընձեռում պահպանել թափքի ցածր նստվածքը և ավտոմեքենայի սպորտային համամասնությունները։
Նոր A110-ի նախատիպն արդեն ցուցադրվել էր հանրությանը Գուդվուդի Արագության փառատոնում, սակայն այն ժամանակ ավտոմեքենան քողարկված էր ներկայիս սերնդի թափքի տակ։ Էլեկտրական սպորտքարի սերիական տարբերակը պետք է ներկայացվի 2027 թվականին։





























