Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ով Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով, այսօր` հուլիսի 24-ին, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտոռեպորտաժ):

Նա ծաղկեպսակ է դրել հուշակոթողին եւ այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Նարիշկինը գրառում է թողել Գրառումների մատյանում, որտեղ մասնավորապես գրել է. «Ցեղասպաությունը ողբերգություն է, որը բաժին է ընկել Ձեր երկրին: Համոզված եմ, որ հայ ժողովրդի տոկունությունը, արիությունը եւ իմաստնությունը միշտ կծառայեն Հայաստանի խաղաղ զարգացմանը եւ բարգավաճմանը»:

Բացի այդ, ՌԴ պետդումայի խոսնակը «Հիշողությունների պուրակ»-ում խորհրդանշական եղեւնի է տնկել:
Նարիշկինին ուղեկցել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը, Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինն, հուլիսի 23-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Այցի ընթացքում Սերգեյ Նարիշկինն ու պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՌԴ Պետդումայի նախագահը հանդիպում կունենա գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ եւ հանդես կգա ելույթով:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները, հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնումը, Հայաստանի` որպես ԵվրԱզԷս-ում դիտորդ երկրի հետ երկխոսության շարունակումը:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Նշենք, որ սա Սերգեյ Նարիշկինի առաջին այցելությունն է Երեւան` ՌԴ Պետդումայի խոսնակի պաշտոնում: Նա 2011-ին այցելել է Հայաստան, սակայն այն ժամանակ զբաղեցնում էր Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի