Թուրքիայի արեւելքում գտնվող Վանա լճի հայտնի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղու շրջակայքում գտնվող հոգեւորականների մենաստանի եւ մատուռի վերանորոգման համար մրցույթ է հայտարարվել։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Վանի Աղթամար կղզում գտնվող հոգեւորականների մենաստանի եւ մատուռի վերանորոգման համար 1 մլն 200 հազար լիրա (650 հազար դոլար) արժողությամբ վերանորոգման ծրագիր է իրականացվելու, որի համար արդեն մրցույթ է հայտարարվել։ Վերանորոգումն սկսվելու է 2013-ի ապրիլին եւ կտեւի 6 ամիս։
Նշվում է, որ վերանորոգումն իրականացվելու է 50 մասնագետներից եւ շինարարներից կազմված խմբի կողմից։ Կառույցները վերանորոգվելու են առանց փոփոխությունների՝ օրիգինալ տեսքով։ Վերանորոգման մեջ օգտագործելու համար Իտալիայից հատուկ կրաքար են բերելու, որոնք կղզի կտեղափոխվեն նավերի օգնությամբ։ Բացի այդ, վերանորոգման ընթացքում կղզում կտեղադրվեն տեսախցիկներ, որոնց միջոցով անվտանգության աշխատակիցները կհսկեն կղզին։
Նշենք, որ Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը 2007–ին վերանորոգվել է: Այնուհետ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, թե արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու եւ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Պատարագի անցկացման օր նշանակվեց սեպտեմբերի երկրորդ կիրակի, որն համընկնում էր Սուրբ Խաչ եկեղեցական տոնի հետ:





























