Կրակել են ոչ թե իմ, այլ` ազգային ինքնորոշման վրա, նախագահի բոլոր թեկնածուներըպետք է հանեին իրենց թեկնածությունն իմ օգտին: Այս մասին, այսօր` փետրվարի 13-ին, Թալինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Ինչ-որ մեկը ժպտում է, ինչ-որ մեկը` բարեւում, ինչ-որ մեկը ծրագրեր է ներկայացնում: Դա իհարկե, կարեւոր է, բայց ամենակարեւորը մարդկային, ազգային, արժանապատիվ ինքնագիտակցությունն է: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը քիչ էին հավատում իրենց հաղթանակին առաջին փուլում, ապա մենք միասին կկարողանայինք հաղթել 5 օր հետո եւ իրականացնել արմատական բարեփոխումներ»,-ասել է Հայրիկյանը:

Նա նաեւ նշել է, որ երեք օր առաջ իրեն է այցելել գործող նախագահ Սերժ Սարգսյանը: «Ես հարցրեցի նրան ընտրողներին կաշառելու մասին եւ ստացա հստակ պատասխան` ընտրակաշառքը բացառվում է»,-ընդգծել է ԱԻՄ նախագահը, հավելելով, որ հանդիպել է նաեւ եվրոպացի դեսպանների հետ:

Այդ հանդիպումների ընթացքում նա ասել է մեկ բան. «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակներին, պետք է ունենան այդ հնարավորությունը, իսկ օրենքը նման իրավունք չի տալիս»:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am