News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում շարունակվում է ժողովրդավարությունից եւ ազատությունից խոսող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մամուլի դեմ ճնշումները։  Էրդողանը չի զլանում եւ բացահայտ քննադատում է լրագրողներին։ Այս անգամ  նա բարկությունն արտահայտեց «թող կործանվի ձեր լրագրությունը» արտահայտությամբ, որին հետեւեց 2 հայտնի լրագրողներին աշխատանքից ազատելը։

Հայտնի են շատ դեպքեր, երբ լրատվամիջոցների սեփականատերերը եւ գլխավոր խմբագիրները ենթարկվել են ճնշման իշխանությունների կողմից եւ աշխատանքից հեռացրել են իշխանությունների համար անցանկալի լրագրողներին։ Այս անգամ նման բախտի են արժանացել Milliyet-ի հայտնի լրագրողներ Հասան Ջեմալը եւ Ջան Դյունդարը։

Թուրքական Taraf-ը գրել էր, թե Էրդողանը խիստ զգուշացում էր արել Milliyet-ի սեփականատեր Դեմիրօրենին, վերջինս էլ գլխավոր խմբագրից պահանջել է աշխատանքից ազատել Հասան Ջեմալին եւ Ջան Դյունդարին։

Ավելի ուշ հայտարարություն տարածվեց, թե Հասան Ջեմալը եւ Ջան Դյունդարը ժամանակավորապես դադարեցնելու են աշխատել Milliyet-ում։ Սակայն նմանատիպ գրեթե բոլոր դեպքերում այդ ժամանակավորը դարձել են մշտական։

Նշենք, որ Հասան Ջեմալը՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը, այն թուրք եզակի լրագրողների թվում է, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Հասան Ջեմալը 2008-ին եղել է Ծիծեռնակաբերդում եւ Ցեղասպանության համար ներողություն խնդրել։

Հասան Ջեմալը նախորդ տարի հանրությանն էր ներկայացրել «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը նվիրել է Հրանտ Դինքի հիշատակին։

Արթուր Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ