Գլաձոր գյուղում  երեկ` փետրվարի 18-ին, խեղդված 4-ամյա Ա. Գալստյանը ընտանիքի միակ աղջիկն էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլաձոր գյուղի գյուղապետ Անդրանիկ Մարտիրոսյանը: Նրա փոխանցմամբ՝ նրանց տունը գետի ափին է, իսկ հողամասի կողմից ցանկապատ չկա:

«Իջել են այնտեղ խաղալու եւ, թե հիմա դեպքը ոնց է եղել, ոչ ոք տեղյակ չէ: Սա միջնակ աղջիկն է: Դժվար ապրող, դժվար ստեղծող ընտանիք են»- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ աղջնակի հայրը պայմանագրային զինծառայող է եւ ամիսը մեկ անգամ Ղարաբաղ է մեկնում ծառայության, մայրն էլ տնային տնտեսուհի է: Այդ օրը հայրը գյուղում է եղել, իսկ մայրը գործերով տանից դուրս է եկել:

Գյուղապետը նշեց, որ այս տարիների ընթացքում գյուղում դեռեւս երեխաների խեղդվելու դեպք չէր արձանագրվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 18-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում երեխան ընկել է դպրոցի մոտով հոսող առուն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:Տեղի ուժերով 4-ամյա Ա. Գալստյանին դուրս են բերել առվից եւ տեղափոխել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ երեխան մահացել է: