Ղարաբաղա-ադրբեջանական սահմանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի հարազատները դեռ ոչ մի տեղեկություն չունեն Հակոբի մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի եղբայրը` Արման Ինջիղուլյանը:

Նա նշեց, որ այսօր լռության օր են հայտարարել եւ բողոքի ակցիաներ չեն անցկացնելու: Սակայն վաղվանից կորոշեն, թե առաջիկայում ինչ քայլեր են անելու, եթե պետական կառույցներից իրենց հուզող հարցերի պատասխանը չստանան: Արմանից նաեւ տեղեկացանք, որ Հակոբի ծնողների վիճակը շատ վատ է եւ օրեցօր նրանց վիճակը վատթարանում է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  ղարաբաղա-ադրբեջանական սահմանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը Ոսկեվազ գյուղի բնակիչ է եւ մինչեւ ծառայության մեկնելը սովորել է Ճեմարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով, ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, սոցիալապես անապահով են, իսկ Հակոբը ընտանիքի մեծ որդին է: Նա ծառայում էր Ասկերանի շրջանի զորամասերից մեկում: Իսկ մոլորվել եւ սահմանը պատահաբար հատել էր, երբ գնացել էր ջուր բերելու: