News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազության շենքի մոտ մեկնարկել է բողոքի ակցիան ի պաշտպանությւոն «Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի, ով քիչ հետո կմտնի Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: (ֆոտոռեպորտաժ)

Շենքի դիմաց կանգնած են մի խումբ քաղաքացիներ՝ «Հայաստանը քաղբանտարկյալների կարիք չունի», «Ձեռքերդ հեռու Արգիշտի Կիվիրյանից», «Արգիշտի, մենք քո հետ ենք», «ռեժիմը սպառնալիք է բոլորի համար» պաստառներով:

Ակտիվիստների ձեռքին կան նաեւ Կիվիրյանի՝ ծեծված ժամանակ արված լուսանկարները:

Արգիշտի Կիվիրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՔԾ-ում տրված ծանուցագրի մեջ իր կարգավիճակը նշված է որպես վկա, բայց դա ապօրինի եւ անհասկանալի է, քանի որ քրեական գործի հարուցման որոշման մեջ (Ք.Օ. 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով) ինքը նշվում է իբր տվյալ ոստիկանի դեմ բռնարարք կատարած անձ: «Ինձ պետք է կանչեին որպես տուժող, բայց իրենց նպատակը ինձ որպես մեղադրյալ ներգրավելն է, այդ ապօրինությունները եւ բռնարարքները կատարվել են իմ նկատմամբ»:

Շենքը հսկող ոստիկաններից մեկը մոտեցավ ակցիայի մասնակիցներին եւ խնդրեց հեռանալ, չփակել շենքի մուտքը: Ակտիվիստները պահանջեցին կոնկրետ օրենք, որ իրենք խախտում են հասարակական կարգը: Սկսվեց լեզվակռիվ, սակայն այն արագ մարեց:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հետաձգել էր Կիվիրյանի հարցաքննությունը, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չէր եղել պատշաճ պայմաններ ստեղծել հարցաքննության համար: Կիվիրյանին պաշտպանելու մտադրություն է հայտնել 150-ից ավելի փաստաբան:

Հիշեցնենք, որ Կիվիրյանը օգոստոսի 24-ին բերման էր ենթարկվել Կոմիտաս 5 հասցեից եւ դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Կիվիրյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխուղեղի ցնցում էին ախտորոշել:

Ոստիկանությունը իր աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրգործ էր հարուցել Արգիշտի Կիվիրյանի դեմ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը զեկուցագիր էր գրել, իբր Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթեւեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ