Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում իրականացված հերթական պատարագն ավարտվեց:

Ինչպես Վանից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում այս տարվա պատարագն անցել է հայերի ակտիվ մասնակցությամբ, այդ թվում նախորդ տարիների համեմատ մեծ թիվ են կազմել Հայաստանից ժամանած ուխտավորները:Պատարագից հետո տեղի է ունեցել մկրտություններ: Մկտրվել են Թուրքիայում արմատներին վերադարձած ընտանիքի անդամներ եւ Հայաստանից ժամանած ուխտավորներ:

Պատարագի ամբողջ ընթացքում Աղթամար կղզին գտնվել է թուրքական անվտանգության ուժերի խիստ հսկողության ներքո: Երկնքից անվտանգությունն ապահովել են ոստիկանական ուղաթիռները:

Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը 2007–ին վերանորոգվել է եւ բացվել է այցելությունների համար որպես թանգարան: Այնուհետ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, թե արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու եւ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Պատարագի անցկացման օր նշանակվեց սեպտեմբերի երկրորդ կիրակի:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թվականներին կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։