Խոսրովի արգելոցում ուղեփակոցի տեսուչ Մխիթար Սեդրակյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում առայժմ ձերբակալվածներ չկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության Արտաշատի բաժնից:
Ոստիկանները տասնյակներով մարդկանց են հարցաքննել, սակայն այդպես էլ «թնջուկը» չի բացվում: Նշանակված փորձաքննությունների եզրակացությունները առայժմ չկան:
«Խոսրովի» արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոչինչ չի բացառում, բայց հավանական չի համարում, որ Մխիթար Սեդրակյանին «Խոսրովի» արգելոց աշխատակից լինի սպանած:
«Նման բան չկա, վրդովված կարող են շատ բաներ խոսել: Շատ շուտով կբացահայտվի այդ գործը, ես ամեն ինչ անում եմ, որ բացահայտվի ոստիկանների հետ համատեղ, ոստիկանությունն էլ շատ լավ աշխատում է, նաեւ մեր նախարարն է շատ հետեւողական: Ես ոչինչ չեմ բացառում, բայց ներսի մարդ չէր կարող լինել»,- ասաց նա:
Հրաչյա Հովակիմյանն ասաց, որ ուղեփակոցի տեսուչի հետ որեւէ աշխատակից խնդիր չի ունեցել, «ինքը շատ կարգին, շատ խաթրաշահ, մարդ է եղել, շատ ազնիվ, պատասխանատու, այսինքն՝ այն մարդը չէ, որ աշխատողը նրան ուզենար վնաս տար, մի հատ թթւ խոսք ասող չի եղել»:
«Ամենահավանականն այն է, որ նա մի բան իմացել է, դրա համար սպանեցին, դե դեռ չեմ կարող ասել՝ «Խոսրովի» հետ կապված է եղել, թե անձնական, մարդ չէ, կարող էր մի տեղ գնալուց ինչ-որ բան նկատեր, որովհետեւ անմիջական ուզեցել են ինչ-որ բան սպանել, քննություն է, կպարզեն ամեն ինչ»,-ասաց Հրաչյա Հովակիմյանը:
Սպանված աշխատակցի փոխարեն դեռ նոր աշխատակից չեն ընդունել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Արտաշատի բաժնում սեպտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 07:05-ին, հաղորդում է ստացվել, որ Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 50-ամյա Մխիթար Սեդրակյանի կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:





























