Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավարի Աշոտ Փիլիպոսյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող Պարգեւ եւ Ռոման Պողոսյանները դեռ գտնվում են ոստիկանության Հրազդանի բաժնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը:
Նա նշեց, Պարգեւը եւ Ռոմանը հորեղբոր տղաներ են՝ 27-28 տարեկան, երկուսն էլ ամուսնացած են, ունեն 1-2 երեխա: «Նորմալ, աշխատավոր, բանվոր մարդիկ են, մեկը գնում է Ռուսաստան, գալիս, մեկն այստեղ է մեքենա քշում, բանվորություն անում, ինչ պատահի, ընտանիք է պահում: Ինձ հայտնեցին, որ ինչ-որ լուրջ բան չկա, անձնական վիրավորանք է եղել»,-ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգեւ եւ Ռոման Պողոսյաններ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ Պողոսյանները ներկայացել են ոստիկանության Հրազդանի բաժին եւ խոստովանել, որ Աշոտ Փիլիպոսյանի հետ իրենք են վիճաբանել միմյանց անձնական վիրավորանք հասցնելու պատճառով:
Կատարվում է քննություն:




























