Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման ժամանակ գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողը Սամվել Հակոբյանն է, 20 տարեկան, Արարատի մարզի Արեւաբույր համայնքից:
NEWS.am-ի հետ զրույցում Արեւաբույրի գյուղապետ Մարտին Ավետիսյանը հայտնեց, որ դեպքի մասին իմանալուն պես, բացի հարազատներից, Ստեփանակերտ են մեկնել եւս 10 մարդ:
«Սամվելի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»,- ասաց գյուղապետը:
Նա պատմեց, որ Սամվելը առաջիկա ամիսներին զորացրվելու է, Արցախում ծառայում է եղբոր հետ, որին հունվարին են զորակոչել բանակ:
Նշենք, որ Սամվել Հակոբյանն այս պահին գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են:





























