Աբովյանում հունիսի 7-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին մասնակցելու նպատակով ինքնառաջադրված «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը հեռացվել է ՀՀԿ-ից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Նա նշեց, որ նման որոշում է կայացրել Կոտայքի տարածքային կազմակերպությունը: Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ Արթուր Հարությունյանին ՀՀԿ-ից հեռացնելու պատճառը կուսակցական կարգապահությունը խախտելն է, մասնավորապես՝ նա չի կատարել վերադաս ղեկավար մարմինների որոշումը: Նա չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ որոշման մասին է խոսքը:
Նշենք, որ ՀՀԿ-ն որոշել է Աբովյանում սատարել որպես Ծառուկյանի օգնական եւ թեկնածու հայտնի Վահագն Գեւորգյանին, մինչդեռ ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը եւս առաջադրել է իր թեկնածությունը: Երկու թեկնածուներից բացի՝ ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետը Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանն էր, ում նշանակեցին Կոտայքի մարզպետ: Թեկնածուները իրենց փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 17-ը: Թեկնածուների գրանցումը կատարվելու է մայիսի 17-19-ը: Ընտրությունները կկայանան հունիսի 7-ին:





























