2013թ. հուլիսի 25-ին,  ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան եղած՝ Արարատ քաղաքի 65-ամյա բնակիչ Գյանջիրով Հովհանյանի մահվան գործով նոր քննությունը Արարատի մարզի դատախազությունում անցկացնելու դեմ բացարկի միջնորդությունը մերժվել է: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյանջիրով Հովհանյանի դուստրը՝ Գայանե Հովհանյանը:

Նշենք, որ Գայանե Հովհանյանը չի հավատում հոր մահվան պաշտոնական վարկածին եւ պնդում է, որ հորը սպանել են քարի արտադրամասի տնօրենի որդիները՝ Նարեկ եւ Հովհաննես Ավետիսյանները, որտեղ աշխատում էր հայրը:

«Բացարկը մերժվել է, քանի որ, ըստ իրենց առկա չեն բավարար հիմքեր, միջնորդությունը բավարարելու համար եւ բացարկի մեջ չի հիմնավորում, թե այն ում է ուղված՝ քննիչին, թե դատախազին: Բայց բացարկն ամբողջ մարզի դատախազության է ուղղված»,-ասաց Գայանե Հովհանյանը:

Գայանեն նշեց, որ այդ հարցով նույնիսկ օրեր առաջ հանրապետության նախագահին է դիմել:

«Մի՞թե սպանությունը կարող է այդպես կոծկվի ու անցնի գնա: Ես էլ հո՞ միամիտ չեմ՝ հավատամ իրենց: Ես Արարատի դատախազությանը նորից եմ դիմելու, բացարկի միջնորդություն եմ ներկայացնելու: Ամեն ինչ անելու եմ, որ գործը Արարատի դատախազությունում չքննվի, քանի որ նրանք շահագրգիռ են գործով»,-ասաց նա:

Նշենք, որ Գյանջիրով Հովհանյանի մահվան դեպքով նախաքննական մարմինը քրեական գործ չի հարուցել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս կապակցությամբ Գայանե Հովհանյանը բողոք է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մասնակիորեն բավարարվել է նրա բողոքը. դատարանը արձանագրել էր, որ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքները խախտվել են, և պարտավորեցրել է վերացնել դրանք: Այս որոշման դեմ այս անգամ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել Արարատի դատախազությունը՝ պնդելով, որ Գայանե Հովհանյանի իրավունքները չեն խախտվել, կատարվել է օբյեկտիվ քննություն: Մարտի 12-ին Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության ներկայացրած բողոքը: