Նախօրեին Ազատության հրապարակում ի նշան բողոքի բերանը կարած 28-ամյա Հովհաննես Կարապետյանի բերանի կարերը հեռացրել են: Երիտասարդը   քիչ առաջ դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նախորդ օրվանից հացադուլ սկսած ակտիվիստ, «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ով նշեց, որ Հովհաննես Կարապետյանը վերադարձել է Ազատության հրապարակ եւ միացել նստացույցի մասնակիցներին:

«Կարերը հեռացրել են, ամեն ինչ նորմալ է: Նա այս պահին Ազատության հրապարակում է»,- ասաց Սանասարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ նախօրեին Ազատության հրապարակում բերանը կարած 28-ամյա Հովհաննես Կարապետյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել էր հիվանդանոց: Երիտասարդը համաձայնել էր հիվանդանոց գնալ եւ հեռացնել բերանի կարերը` ընկերների եւ ոստիկանների հորդորները լսելով:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին, ոստիկանությունը հեռացրել  է Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակ պահած ցուցարարներին, որոնք ավելի ուշ  հավաքվել են Ազատության հրապարակում։ Ցուցարարները ցանկացել էին երթ անցկացնել, սակայն ոստիկանությունը չէր թույլատրել:  Ցուցարարներից շատերը գիշերել են Ազատության հրապարակում: