Մոսկվայում ավիավթարից զոհված 4 հայերը մի ընտանիքից են՝ Ակունք գյուղից, բայց նրանք մոտ 20 տարի է՝ Հայաստանում չեն ապրում: Գյուղապետ Հենրիկ Կնյազյանը NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց, որ մահացողներ Պարույր Մանուկյանն ու Լարիսա Մանուկյանը ամուսիններ են, իսկ Օֆելյա եւ Էրիկ Գլչյանները Պարույր Մանուկյանի քրոջ երեխաներն են:

Սկզբից ՌԴ է գնացել Պարույրի հայրը՝ Նորիկը, ով հետո տարել է նաեւ փեսային, նրանք այդպես ընտանիքներով ապրում են ՌԴ-ում, տղամարդիկ աշխատում են շինարարության մեջ:  Գյուղապետն ասաց, որ Նորիկը երկու որդի եւ մեկ դուստր ունի, Պարույրը ամուսնացել է հենց ՌԴ--ում: Նրա կինը՝ Լարիսան, Վանաձորից է, սակայն ապրում էր ՌԴ-ում: Մանուկյանների ընտանիքից այժմ Ակունք գյուղում է ապրում Նորիկ Մանուկյանի հայրը, մայրը մահացել է: Դեպքի մասին իմանալուց հետո ՌԴ է մեկնել մահացած երեխաների հորական պապը, ով նախկինում գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարն էր: Զոհված երեխաների հորական տատը դեռ չգիտի դեպքի մասին, թեեւ արդեն իրենց տուն եկող, գնացող կա եւ հնարավոր է կռահած լինի:

Գյուղապետն ասաց, որ դեռ չգիտեն՝ դեպքը ինչպես է եղել,  հստակ չէ նաեւ, թե որտեղ կհուղարկավորեն իրենց համագյուղացիներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 20.15-ին Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդային աղետի արդյունքում “Սեսսնա 206″ մակնիշի ինքնաթիռի օդաչուն եւ ազգությամբ հայ 4 ուղեւորները զոհվել են:

ՌԴ ԱԻ նախարարության Մերձմոսկովյան մարզի եւ ՌԴ ՆԻ Մերձմոսկովյան մարզի գլխավոր վարչությունները ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրել են զոհված քաղաքացիների անձնական տվյալները.

• Մանուկյան Պարույր Նորիկի (1987 թ. ծնված)

• Մանուկյան Լարիսա Վրեժի (1992 թ. ծնված)

• Գլչյան Օֆելյա Ազատի (2005 թ. ծնված)

• Գլչյան Էրիկ Ազատի (2007 թ. ծնված)

Ըստ վերոնշյալ մարմիններից ստացված տեղեկության` զոհվածները հանդիսացել են ՌԴ-ում մշտական բնակության թույլտվությամբ ՀՀ քաղաքացիներ: