Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինծառայողներ Արման Լազգիյանն ու Ռուբեն Առաքելյանն ամեն դեպքում բուժում կստանան արտասահմանում, բայց ոչ Կառավարության ընդունած որոշման շրջանակներում, որի համաձայն վիրավոր զինծառայողները, որոնց չեն կարող օգնել տեղի բժիշկները, բուժում են ստանալու արտերկրում, այլ մասնավոր միջոցների հանգանակման հաշվին։
«էրեբունի» ԲԿ-ում բուժում ստացող Արման Լազգիյանի հայրը՝ Միքայել Լազգիյանը, NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ մայիսի 10-ի երեկոյան հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ վերջինիս նախաձեռնությամբ, եւ հանդիպման ժամանակ նախարարը խոստացել է օգնել վիրավոր տղաներին Եվրոպա տեղափոխելու հարցում «մասնավոր եւ պետական միջոցներ հավաքելու հաշվին»։
Միքայելի խոսքով՝ առաջին վճարումն անելու համար անհրաժեշտ գումարն իրեն արդեն փոխանցել են, եւ այսօր՝ մայիսի 12-ին, ինքը դա կփոխանցի գերմանական կլինիկային։ Նա նշեց, որ գումարը հավաքվել է հայ նախարարների միջնորդությամբ կատարված մասնավոր անձանց հանգանակությունների միջոցով։
Պետք է լուծվեն նաեւ տեղափոխության հետ կապված որոշ տեխնիկական հարցեր եւ պայմանավորվել ավիաընկերության հետ։
Ինչ վերաբերում է Ռուբենին, նրա առողջական վիճակը դեռ թույլ չի տալիս արտասահման տեղափոխել զինվորին։ Բացի այդ, ծնողները դեռ համապատասխան կլինիկա են փնտրում եւ այս պահին բանակցում են մի քանի եվրոպական կենտրոնների հետ։ 19-ամյա Ռուբենի մոր՝ Անահիտ Մկրտչյանի խոսքով՝ 15-20 օրից Ռուբենը, ամենայն հավանականությամբ, արդեն պատրաստ կլինի տեղափոխության, եւ մինչեւ այդ կլուծվեն բոլոր տեխնիկական եւ ֆինանսական հարցերը։
Վերջերս Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել, որի համաձայն՝ վիրավոր զինծառայողները, որոնց չեն կարող օգնել տեղի բժիշկները, բուժում են ստանալու արտերկրում։ Ավելի ու ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել էր, որ վիրավորներից ոչ մեկ այս պահին արտասահմանում բուժման կարիք չունի։
Դրանից հետո Գերմանիայից Հայաստան ժամանած բժիշկ օրթոպեդ Մարտին Շվարցը եւ էսթետիկ վիրաբույժ, ինչպես նաքեւ ուռուցքաբան Քրիստոֆ Յաշկեն Առողջապահության նախարարությունում մամուլի ասուլիսի ժամանակ ասել էին, որ հայ բժիշկներն անում են ամեն բան, ինչ պետք է, եւ հիմա վիրավորներից որեւէ մեկին այլ երկիր տեղափոխելու կարիք չկա։
Վիրավորների ծնողները դրա հետ չհամակերպվեցին եւ որոշեցին անել հնարավոր ամեն բան, որպեսզի եթե Կառավարությունը չպահի իր խոստումը եւ չկազմակերպի վիրավոր տղաների բուժումը Եվրոպայում, դա անեն ինքնուրույն՝ հավաքելով դրա համար անհրաժեշտ միջոցներ։





























