Սահմանամերձ Ճամբարակ քաղաքի քաղաքապետարանի առջեւ գտնվող Հերոսների պուրակից հատվել է ավելի քան 30 ծառ: Գեղարքունիքի մարզի հյուսիս-արեւելյան հատվածում գտնվող այս քաղաքում արդեն երկրորդ տարին է, որ հատվում են պուրակի ծառերը: Ճամբարակ կատարած լրագրողական այցելության ընթացքում քաղաքապետ Յուրա Ավալյանն ասաց, որ հատումն իրականացվում է սանիտարական նպատակներով:
«Սանիտարական էտումներ են կատարվում: Անցած տարի մենք սկսեցինք հատել մի հատվածը, քանի որ այգում ծառերը չորանում էին: Մասնագիտական ուսումնասիրություն կատարեցինք եւ եկանք այն եզրակացության, որ ծառերը պաշտպանելու համար պետք է ծառերի էտում կատարել»,-ասաց քաղաքապետը:
Նա նշեց, որ հատված ծառերից ստացված փայտը տրամադրվում է քաղաքի մանկապարտեզներին եւ սոցիալապես անապահով ընտանիքներին:
Մենք ականատես եղանք, թե ինչպես քաղաքապետարանի առջեւ գտնվող 82-ամյա Արեւհատ Վարդանյանը, ով Արծվաշենից ներգաղթյալ է, ապրում է իր 25 հազար դրամ թոշակով եւ չունի ոչ մի հարազատ, եկել էր փայտ խնդրելու: Փայտ կտրող բանվորները, սակայն, ասացին, որ 82-ամյա տատիկը երեկ է փայտ տարել իրենցից:
«Ընդամենը 8 հատ ուճախ (ճյուղեր) եմ տարել: Որ կտրում են, ի՞նձ համար են կտրում, ով տղամարդա կարողանումա տանումա»-ի պատասխան ասաց Արեւհատ Վարդանյանն ու հավելեց. «Կարում չեմ երկու կիլո հաց առնեմ, որ ուտեմ ու չգիտեմ, թե ոնց են տունը տաքացնելու»:
Քաղաքապետ Յուրա Ավալյանի խոսքով, հատված ծառերից անցած տարի օգնություն է ստացել 100 սոցիալապես անապահով ընտանիք: Իսկ ընդհանուր հաշվով նախատեսվում է հատել 90 ծառ, որից ստացված 55 խմ փայտը պետք է երկու տարի տաքացնի քաղաքի երկու մանկապարտեզները:
Քաղաքապետը նաեւ նշեց, որ հիմնականում հատվել են հացենիներ, որոնք չորանում էին: Ի դեպ այդ ծառատեսակը գրանցված է կարմիր գրքում:
Հատման վերաբերալ պայմանավորվածությունը, ըստ Ավալյանի, բանավոր է եղել՝ Գեղարքունիքի մարզի բնապահպանության պետական տեսչության հետ:
Նշենք, որ Ճամբարակ քաղաքը գազաֆիկացված է 85 տոկոսով, սակայն գազի բարձր գնի պատճաով մի շարք քաղաքացիներ չեն կարողանում բնակարանները ջեռուցել եւ հիմնականում օգտագործում են աթար, երբեմն նաեւ փայտ:
Ճամբարակը (մինչեւ 1992-ը՝ Կրասնոսելսկ) Գեղարքունիքի մարզի 5 քաղաքներից մեկն է, գտնվում է մարզի հյուսիս-արեւելյան մասում, ՀՀ արեւելյան սահմանից 1 կմ հեռավորության վրա:
Բնակչությունը հասնում է 7300-ի: Մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ:





























