Սեպտեմբերի 25-ի գիշերը ռուսական զորքերը կրկին զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկացմամբ՝ քաղաքի Պեչորսկի շրջանում բնակելի բազմահարկ շենքին անօդաչու թռչող սարքի հասցրած հարվածի հետևանքով զոհվել է մի անչափահաս։ Անօդաչուն հարվածել է շենքին 9–10-րդ հարկերի մակարդակում՝ հրդեհ առաջացնելով։ Զոհվածը 14-ամյա դեռահաս է եղել, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Կիևի դատախազության տվյալներով՝ նա շենքի բնակարաններից մեկի բնակիչ էր։ ԱԻՊԾ աշխատակիցներին հաջողվել է փրկել յոթ մարդու, նրանց դուրս են բերել շենքից։ Գրոհի հետևանքով վնասվել է 30 բնակարան, ինչպես նաև շենքի մոտ կայանված ավտոմեքենաները։

Ընդհանուր առմամբ, Կիևում գնդակոծություններից հետո կա ինը տուժած, որոնցից յոթը՝ Պեչորսկի շրջանում։ Ութ մարդ հոսպիտալացվել է, գրել է Կլիչկոն իր թելեգրամ-ալիքում։ Մեկ այլ անօդաչու թռչող սարք հարվածել է Կիևի Սոլոմենսկի շրջանում գտնվող 25 հարկանի բնակելի շենքի 4-րդ հարկի մակարդակում։ Բացի այդ, անօդաչուն մխրճվել է Շևչենկոյի շրջանում գտնվող հինգ հարկանի ոչ բնակելի շենքի մեջ։ Կիևի մարզում, իշխանությունների տվյալներով, գիշերային գրոհներից հետո վնասվել է ինը օբյեկտ՝ Բրովարի, Բորիսպոլի և Օբուխովի շրջաններում։ ՌԴ ԶՈւ-ն արդեն հինգերորդ օրն անընդմեջ գրոհում է Կիևը և մարզը։ Նախորդ օրը բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածների հետևանքով քաղաքում երկու մարդ զոհվել էր, ևս ութը՝ տուժել։

Չորեքշաբթի ևս Ռուսաստանը անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել ուկրաինական մայրաքաղաքին, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, իսկ տուժածների ընդհանուր թիվը հասել է 45-ի։ Վնասվել են նաև մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ պահեստ և «Դառնիցա» ընկերության դեղագործական գործարանը։ Երեքշաբթի, Կլիչկոյի տվյալներով, ռուսական գրոհներից տուժել էր ութ խաղաղ բնակիչ։ ՌԴ ԶՈւ անօդաչու սարքերը վնասել են հինգ հարկանի շենքի ճակատամասը և հրդեհել վառելիքի պահեստարանը։

Երկուշաբթի, ինչպես և նախորդ օրերին, զանգվածային գրոհների տակ էր հայտնվել նաև Կիևի մարզը։ Իշխանությունների հայտարարությամբ՝ հարվածների են ենթարկվել մասնավոր տներ, պահեստային և արտադրական տարածքներ, հանրակացարան, վարչական շենքեր, բենզալցակայաններ և այլ օբյեկտներ։ Օբուխովի շրջանում հարձակման հետևանքով տեղի մի բնակչուհի վիրավորվել է ոտքից և ձեռքից։