BYD ավտոկոնցեռնին պատկանող չինական Yangwang ապրանքանիշը ներկայացրել է Altior էլեկտրական լիմուզինը, որը գերշքեղ ավտոմեքենաների սեգմենտում պետք է մրցակցի Rolls-Royce Phantom-ի հետ, գրում է Autocar-ը։
Նորույթն առանձնանում է չորստեղանոց սրահով, չինական ավանդական մշակույթի տարրեր պարունակող հարդարանքով և մասնավոր ինքնաթիռի ինտերիերը հիշեցնող կահավորմամբ։

Altior-ի երկարությունը 5,6 մ է, իսկ անվային բազան՝ 3,5 մ։ Արտադրողի տվյալներով՝ ավտոմեքենան ստեղծվել է որպես ժամանակակից տեխնոլոգիաների և չինական դարավոր գեղագիտական ավանդույթների համադրություն։ Մոդելը կդառնա Yangwang-ի մոդելային շարքի առաջատարը․ շարքում ընդգրկված են նաև U7 սեդանը, U8 ամենագնացը և U9 հիպերքարը։
Մշակողները հատուկ ուշադրություն են դարձրել հարդարանքին։ Առջևի ճաղավանդակը զարդարված է բարդ նախշով, որը փոխվում է՝ կախված լուսավորությունից։ Լուսարձակներում տեղադրված են 12 առանձին պտտվող տարրեր, որոնք սեփականատիրոջ մոտենալիս հաջորդական լուսային էֆեկտներ են ստեղծում։ Հետևի դռներում նախատեսված են անհատական նախշով հատուկ հովանոցներ, իսկ դռները բացվում են դեպի հետ՝ ինչպես Rolls-Royce Phantom-ի դեպքում։

Սրահում օգտագործվել են չինական նեֆրիտի մի տեսակից պատրաստված դեկորատիվ տարրեր, իսկ նստատեղերը պատված են գործվածքի մշակման ավանդական տեխնիկայով պատրաստված մետաքսով։ Միաժամանակ Yangwang-ը հրաժարվել է ամբողջությամբ թվային կառավարման անցնելուց․ լայն սենսորային էկրանի հետ մեկտեղ ավտոմեքենայում նախատեսված են բազմաթիվ ֆիզիկական կոճակներ և անջատիչներ։ Դրանք մշակելիս ինժեներներն ուշադրություն են դարձրել շոշափելի զգացողություններին և սեղմման ձայնին։
Հետևի ուղևորների համար նախատեսված տարածքը դարձել է գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Ոտքերի համար նախատեսված տարածքի հայտարարված երկարությունը 1209 մմ է։ Ինքնաթիռային տիպի բազկաթոռներն ունեն մերսման գործառույթ և հանգստի ռեժիմում կարող են ամբողջությամբ բացվել։ Այդ ռեժիմն ակտիվացնելիս վարագույրները փակվում են, լուսավորությունը՝ մեղմանում, իսկ ոտնահենակները՝ դուրս գալիս։

Ժամանցի և տեսակոնֆերանսների համար նախատեսված է 21,4 դյույմ անկյունագծով էկրան, որն իջնում է առաստաղից։ Սառնարաններ տեղադրված են ինչպես առջևում, այնպես էլ հետևում։
Altior-ը կստանա չորս էլեկտրաշարժիչով ուժային համակարգ՝ նման ապրանքանիշի մյուս մոդելներում օգտագործվողին։ Ճշգրիտ բնութագրերը դեռ չեն բացահայտվել։
Ավտոմեքենան կհամալրվի նաև DiSus ակտիվ կախոցով, որը կարող է հետևել ճանապարհածածկույթին և նախապես հարմարվել անհարթություններին։

Արտադրողը խոստանում է մեկ լիցքավորմամբ ավելի քան 1000 կմ ընթացքի պաշար՝ ըստ չինական CLTC ցիկլի, որը սովորաբար ավելի բարձր ցուցանիշներ է տալիս, քան փորձարկման եվրոպական մեթոդները։ Ավելի վաղ BYD-ում հայտարարել էին, որ Yangwang ապրանքանիշը պատրաստվում է 2028 թվականին մուտք գործել եվրոպական շուկա։ Առայժմ հաստատված չէ՝ արդյոք Altior-ը կվաճառվի Եվրոպայում։
Եթե մոդելը շուկա դուրս գա, այն կդառնա գերշքեղ սեգմենտի առաջին էլեկտրական լիմուզիններից մեկը։ Rolls-Royce-ն արդեն ունի էլեկտրական Spectre-ը, սակայն այն կուպե է, ոչ թե ներկայացուցչական դասի լիմուզին։




























