Երիտասարդ  կատարողների «Նոր ալիք 2012» եւ «Մանկական նոր ալիք 2012» մրցույթների հայաստանյան նախընտրական փուլը մեկնարկել է:  Այս անգամ «Նոր ալիքին» մասնակցելու եւ Հայաստանը ներկայացնելու համար  ստացվել է  400 հայտ, իսկ «Մանկական նոր ալիքին»՝  200 հայտ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին կազմակերպիչները:

Նրանց փոխանցմամբ՝ Հայաստանում նախընտրական փուլին մասնակցելուց հետո 2-5 հոգի մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու կիսաեզրափակչին: «Նոր ալիք 2012» կիսաեզրափակիչ փուլը Մոսկվայում կկայանա ապրիլի 20-21-ին, իսկ «Մանկական նոր ալիք 2012-ը՝» ապրիլի 18-19-ին:

Կազմակերպիչները իրենց հիացմունքը հայտնեցին մրցույթի մասնակիցների տաղանդով, կատարողական բարձր արվետսով՝ շեշտելով, որ նախորդ տարիներին այդպիսի բան չի արձանագրվել եւ այս անգամ մրցակցությունը շատ ուժեղ էր: Հայտնի երգիչներից եզրափակիչ փուլ են անցել Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանը, Սուրեն Առուստամյանը եւ այլք:

Մրցույթի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեվը նշեց, որ այս անգամ մասնակիցների թվում շատ են հայտնի կատարողները, ինչը չի ազդի ժյուրիի որոշման վրա: Նրա խոսքով, հայ կատարողները, ի տարբերություն նախորդ երկրների կատարողների, ավելի ժամանակակից են: Նրա խոսքով՝ եթե հայերը մի անգամ հաղթել են մրցույթում, դա դեռ չի նշանակում, որ էլի չեն կարող հաղթել: «Դա «Եվրատեսիլը» չէ, որտեղ ազդում են քաղաքականությունը, բարեկամական հարաբերությունները եւ այլն:  Հույս ունենք, որ այս տարի կհաղթի Հայաստանը»,- նշեց նա::

Հայաստանյան նախընտրական փուլի տնօրեն Ստելլա Խաչենյանցը նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ավելի քիչ էին դիմումները սփյուռքից, մասնավորապես՝ հայտեր կային Շանհայից, Ռուսատանից:

Նշենք, որ Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթ անցկացնելու գաղափարը 2002թ. մտահղացել են կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյը եւ Ռայմոնդ Պաուլսը: Այդ ժամանակվանից մրցույթի նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքներով զբաղվում է APC ընկերությունը, որի նախագահը Իգոր Կրուտոյն է: Մրցույթի հիմնական նպատակը նոր ու տաղանդավոր անունների բացահայտումն է:

Մրցույթին Հայաստանում հաջողությամբ ելույթ են ունեցել ու հաջողությունների հասել Մհերը, Էրիկը, Էմմին եւ այլք: 2010 թ. Սոնա Շահգելդյանը եւ «Ռազմիկը եւ ընկերները» խումբը դարձել են «Նոր ալիք» եւ «Մանկական նոր ալիք» մրցույթների հաղթողներ: