News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Էջմիածնում սպասվելիք քաղաքապետի ընտրություններում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական, գործարար Հակոբ Հակոբյանը («ճոյտ») չի առաջադրելու իր թեկնածությունը, ինչպես նախօրոք հայտարարել էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Հակոբ Հակոբյանը, ով վերջին խորհրդարանական ընտրություններում թիվ 19 ընտրատարածքում պարտվեց Սեդրակ Սարոյանին (գեներալ Սեյրան): 

Չառաջադրվելու հանգամանքը նա պարզաբանեց նրանով, որ առաջիկայում սպասվում է  երկրի նախագահի ընտրություններ: «Ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ եւ ես չեմ ցանկանա, որ իմ առաջադրվելով, որեւէ միջադեպ ստեղծվի, որեւէ մի բան այնպես չլինի, որը վնասի կուսակցության ղեկավարին առաջիկա ընտրություններում: Մենք ավելի լուրջ խնդիր ունենք, որը Հանրապետության նախագահի ընտրություններն են»,-պարզաբանեց Հակոբ Հակոբյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր մասնակցում խորհրդարանական ընտրություններին, դեմ դուրս գալով սեփական կուսակցության կողմից առաջադրված կուսակցական թեկնածուին, նա արձագանքեց. «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ դեռ բավականին ժամանակ կար  եւ այդ ընտրությունները չէին կարող ազդել նախագահական ընտրությունների վրա»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ կուսակցությունն է նման առաջարկով հանդես եկել կամ սպառնալիքներ են եղել իր հասցեին, Հ. Հակոբյանը պատասխանեց. «Որեւէ սպառնալիք, որեւէ կուսակցությունից չի եղել: Պարզապես ես ինքս մտածում եմ, որ հանկարծ այնպիսի քայլեր չկատարեմ, որը վնասի իմ կուսակցության ղեկավարի ընտրություններին»:

Այդուհանդերձ, նախկին պատգամավորը խոստովանեց, որ ընտրություններից հետո կուսակցության մոտ 70 տոկոսի հետ հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել, որը շարունակվում է, սակայն Մանվել Գրիգորյանի եւ Սեդրակ Սարոյանի հետ չի հանդիպել: 

Հարցին, թե հնարավոր է, որ նույնիսկ որոշի պաշտպանել Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, նա ասաց. «Տեսնենք գործող քաղաքապետն ինչով է հանդես գալիս, ճշտենք ինչպիսի աշխատանքներ է կատարել եւ ժողովրդի քանի տոկոսն է գոհ: Ի՞նչ կա դրա մեջ որ, կպաշտպանենք: Մենք անձնավորված ոչինչ չենք տեսնում, մեզ պետք է, որ մեր քաղաքի համար կատարեն դրական գործեր եւ աշխատանքներ»:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսին ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Ճոյտը») NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ 2012թ-ի հոկտեմբերին կայանալիք Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունն ընդդեմ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, ով գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: Հարցին, թե ԱԺ ընտրությունների պարտությունից հետո ինչպե՞ս է գնում այդ քայլին, նա պատասխանել էր. «Համենայնդեպս այս անգամվա իմ առաջադրմամբ ահագին ֆինասական օգնություն ստացավ ժողովուրդը: Ես լավ գիտեմ,  որ իմ թեկնածությունը դնելու պատճառով այդ գումարները  մեծ թվով լցրեցին ժողովրդի գրպանները, իսկ ես դրանով ինձ լավ եմ զգում: Կապ չունի ես ընտրվել եմ, թե չեմ ընտրվել»:

Տպել
Ամենաշատ