Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի սան 15-ամյա Զինա Սիմոնյանի ցած նետվելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով` «ինքնասպանության հասցնելը» հատկանիշներով: Այս մասին այսօր` հուլիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում հուլիսի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի հետնամասում 15-ամյա աղջկա դիակ էր հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների` տեղի էր ունեցել ինքնասպանություն: Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 11 օժանդակ գիշերօթիկ դպրոցից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ մահացածը նույն դպրոցի սան 15-ամյա Զինա Սիմոնյանն է: Դպրոցից հայտնել էին, որ իրենց մոտ սովորաբար մտավոր թերզարգացած, հոգեկան խնդիրներ ունեցող, ագրեսիվ երեխաներ են լինում: Ասում են, թե Զինա Սիմոնյանը մտավոր թերզարգացած էր եւ հոգեկան խնդիրներ ուներ: Մեր աղբյուրները նաեւ հայտնել էին, որ Զ. Սիմոնյանը ծնունդով Արտաշատից է եւ օժանդակ դպրոց նրան տեղափոխել էր մայրը: Վերջերս մայրը նրան մի քանի օրով տարել էր տուն եւ միայն մի քանի օր առաջ նորից բերել դպրոց: Այսօր ցերեկային հանգստի եւ քնի ժամին երեխան դիմել էր դաստիարակչուհուն, որպեսզի գնա զուգարան: Տեսնելով, որ երեխան ուշանում է, դաստիարակչուհին բարձրացրել էր զուգարան եւ տեսել, որ պատուհանը բաց է: Նայելով ներքեւ` դաստիարակչուհին տեսել էր ընկած երեխային:



























