Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը, ով պատիժը կրելու ընթացքում երկու անգամ վիրահատվել է, երկուշաբթի օրը դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միքայելյան» վիրահատվել վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:
Նա նշեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանի վիճակը նորմալ է, հետվիրահատական շրջանում վերքը բորբոքվել էր եւ դրա համար էլ ձգձգվել էր նրա դուրս գրումը հիվանդանոցից:
Հարցին, թե հնարավոր է հետագայում եւս նրան նորից վիրահատելու անհրաժեշտություն լինի, նա պատասխանեց, որ այս պահի դրությամբ վիրահատության կարիք չկա, տեսանելի մետաստազներ չկան, բայց չի բացառվում է, որ ամիսներ անց էլի մետաստազներ առաջանան եւ նորից վիրահատության անհրաժեշտություն լինի:
Նշենք, որ փետրվարի 13-ին, երբ վիրահատել էին նրա հաստ աղիքի չարորակ ուռուցքը, վիրահատությունը բարեհաջող էր ընթացել, բայց 6 ամիսների ընթացքում նորագոյացություն է առաջացել պորտի շրջանում, որը վիրահատել էին օգոստոսի 7-ին:
Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է:




























