Ամերիկյան Walt Disney Co. ընկերությունը պատրաստվում է հազարավոր աշխատատեղեր կրճատել՝ տարեկան ծախսերը 20%-ով նվազեցնելու նպատակով։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրների խոսքով՝ խնայողությունները կապահովվեն ինչպես աշխատատեղերի, այնպես էլ ծախսերի այլ հոդվածների կրճատման հաշվին։ Օպտիմալացումն առավել մեծ ազդեցություն կունենա թեմատիկ զբոսայգիների, հեռուստաալիքների և կինոստուդիայի վրա։ Գլխավոր տնօրեն Ջոշ Դ’Ամարոն նախատեսում է խնայված միջոցների մի մասը վերաներդնել բովանդակության արտադրության, տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև զբոսայգիների և կրուիզային բիզնեսի աջակցության ուղղությամբ։
Bloomberg-ը նշում է, որ վերջին տարիներին Disney-ն արդեն միլիարդավոր դոլարներով կրճատել է ծախսերը և վերացրել հազարավոր աշխատատեղեր։ Նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ ընկերությունն ամբողջ աշխարհում ունեցել է 231 հազար աշխատակից։
Գործակալության տեղեկություններով՝ այլ մեդիաընկերություններ, այդ թվում՝ Netflix-ը, Sony Pictures Entertainment-ը, ինչպես նաև Paramount-ի և Warner Bros.-ի ստորաբաժանումները, նույնպես կրճատում են աշխատակազմը՝ ավանդական հեռուստատեսությունից ստացվող եկամուտների նվազման և հոսքային ծառայությունների բաժանորդների թվի աճի դանդաղման պայմաններում։ Լսարանի ուշադրության համար այս ընկերություններին գնալով ավելի դժվար է մրցակցել սոցիալական ցանցերի և այնպիսի տեխնոլոգիական հսկաների հարթակների հետ, ինչպիսիք են Amazon-ը և Apple-ը։



























