Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր` սեպտեմբերի 27-ին, Ազգային Ժողով է ներկայացրել գրավոր միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: «Խոսքը վերաբերում է միայն որպես մեղադրյալ ներգրավելուն, խափանման միջոցի հարց չի բարձրացվում»,-ասաց մամուլի քարտուղարը :
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե հնարավոր է առաջիկա քառօրյայում ԱԺ-ն քննարկի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
«Սա չի նշանակում, թե Օսկանյանը ձերբակալվելու է, այս փուլում ուզում են միայն անձեռնմխելիությունից զրկել, որ որպես «մեղադրյալ» գնա-գա ԱԱԾ` մնալով պատգամավոր»,- գրել էր թերթ: Այդ ժամանակ, սակայն, Սոնա Տռուզյանը ասել էր, թե այս պահի դրությամբ տեղեկություն չունի` Աղվան Հովսեփյանը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելությունից զրկելու վերաբերյալ ԱԺ միջնորդություն ներկայացրել է, թե ոչ:





























