Փաստաբանների պալատի անդամ Սամվել Շարբաթյանի սպանության գործի վերաբերյալ NEWS.am-ի թղթակցին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ Սամվել Շարբաթյանը մահացել է քունքին ստացված հարվածից: Մինչդեռ նույն օրը գյուղում լուրեր էին տարածվել, թե նա դանակահարվել է: Այսօր տեղեկություններ ստացանք, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները զննությամբ հայտնաբերվել էր օդամղիչ ատրճանակից կրակելու համար նախատեսված 4,5 մմ տրամաչափի մետաղական 5 գնդակ: Պարզվել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, եղբայրներ Արտակ եւ Արեն Վերանյանները եւ 1981 թ. ծնված Սամվել Դիլոյանը «Մուշ» ռեստորանային համալիրում հանդիպել են Սամվել Շարբաթյանին` անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու: Ծագած վիճաբանության ընթացքում Արտակ եւ Արեն Վերանյանները կոպիտ կերպով խախտելով ռեստորանի աշխատանքը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հաճախորդների ու սպասարկող անձնակազմի նկատմամբ՝ վիճաբանել են Սամվել Շարբաթյանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին եւ շուրջ 15 րոպե խախտել հասարակական կարգն ու խաթարել ռեստորանի բնականոն աշխատանքը: Վիճաբանության ընթացքում Արտակ Վերանյանը խլելով Ս. Շարբաթյանի ձեռքին եղած ատրճանակը՝ մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ, ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին, մարմնին եւ սպանել նրան:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նոյեմբերի 19-ին բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Արտակ Վերանյանը՝ ներկայացնելով նաեւ նշված ատրճանակը: Արտակ Վերանյանը ձերբակալված է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ Արեն Վերանյանին եւ Սամվել Դիլոյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ նոյեմբերի 18-ին սպանություն է տեղի ունեցել Վանաձորի մերձակա գյուղերից մեկում՝ Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում դիակ է հայտնաբերվել բռնության հետքերով: