Հայտնի վագր վարժեցնողներ Արթուր եւ Կարինա Բաղդասարովները կարճ ժամանակահատվածում կորցրել են իրենց կենդանիների կեսին: Թատերախմբում 15 վագրերից մնացել են միայն ութը: Արտիստները կասկածում են, որ ինչ-որ մեկը թունավորել է իրենց վագրերին:
Արթուր Բաղդասարովը Life News-ին պատմել է, որ սկզբում մի կատվազգին է հիվանդացել, եւ նրան փոխարինել են ավելի երիտասարդով: Երիտասարդ վագրն էլ սկսել է կաղալ, պատմել է նա: Շուտով մեկը մյուսի հետեւից սկսել են սատկել նաեւ մնացած գիշատիչները:
Զարմանալի է, սակայն տասնյակ փորձաքննություն կատարած անասնաբույժներն այդպես էլ չեն կարողացել պարզել, թե ինչից են սատկել կենդանիները: «Սատկած բոլոր վագրերն ունեն մահվան նույն ախտորոշումը՝ սրտի կանգ եւ ստամոքսի կծկումներ», - պարզաբանել է Արթուրը:
Վարժեցնողները կասկածում են, որ չարագործը կենդանիներին արագ տարրալուծվող թույն է տվել, այդ պատճառով էլ անասնաբույժները թույնի հետքեր չեն հայտնաբերում:
Բաղդասարովները կասկածում են, թե ինչ-որ մեկը փորձում է խափանել իրենց խոշոր շրջագայությունը՝ նվիրված Յուրի Նիկուլինի 90-ամյակին: «Երեւի մենք ինչ-որ մեկին խիստ խանգարում ենք: Չկան կենդանիներ, չկանք եւ մենք, չկա աշխատանք», - ասել է Արթուրը:




























