Հայտնի վարժեցնողներ Բաղդասարովների կրկեսախմբի սատկած վագրերի արյան մեջ եւ լյարդում փորձագետներն ուժեղ թույն են հայտնաբերել` էթիլենգլիկոլ: 

Հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերին, երբ հայտնի վարժեցնողների արդեն յոթերորդ վագրն էր սատկում, Բաղդասարովները հայտարարել էին, որ իրենց կենդանիներին կարող էին թունավորել:

Այն ժամանակ, ըստ վարժեցնողների, սատկած կենդանիներին սկզբում ստուգել էին, սակայն ոչ մի հավանական վարակ չէին հայտնաբերել: Դրանից հետո Բաղդասարովները որոշել էին քիմիական եւ  տոքսիկոլոգիական փորձաքննություն անցկացնել:

Արթուր Բաղդասարովը Life News-ին պատմել է, որ փորձագետը քիմիական վերլուծության են ենթարկել կուրացած երկու տարեկան էգ վագր Ուրալի արյունը եւ սատկած կենդանիներից մեկի կենսանյութերը եւ դրանցում էթիլենգլիկոլ  հայտնաբերել: 

Վարժեցնողները դիմել են ոստիկանություն` կենդանիների թունավորման փաստով քննություն անցկացնելու հայցով:

Ըստ վաժեցնողներ Բաղդասարովների` իրենց վագրերին ինչ-որ մեկը միտումնավոր թունավորել է, որպեսզի խափանի Յուրի Նիկուլինի 90-ամյակին նվիրված խոշոր  շրջագայությունը: «Երեւի մենք ինչ-որ մեկին խիստ խանգարում ենք: Չկան կենդանիներ, չկանք եւ մենք, չկա աշխատանք», - ասել է Արթուրը: