Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնելու որոշումը կայացրել է անձամբ, ոչ մի ճնշում որեւէ մեկի կողմից չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Աշոտ Գիզիրյանը` շեշտելով, որ «ինքը այդպես ուզեց»:
«Քանի որ ընտրությունների արդյունքները ինձ համար գոհացուցիչ չեն, դրա համար էլ ես իմ սեփական նախաձեռնությամբ դիմում եմ գրել, որ պաշտոնից ազատվեմ: Իմ աշխատանքը դրանից հետո այնտեղ չի ստացվի»,- նշեց նա:
Հարցին, թե մեղավոր եք զգում, որ ՀՀԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը պարտվել է Շիրակում, նա պատասխանեց, որ մեղքի հարց չկա եւ խնդիրը լավ ու վատ աշխատելու մեջ չէ, պարզապես ընտրությունների արդյունքները իրեն չեն գոհացրել եւ մի քիչ վիրավորական է այդ արդյունքներից հետո շարունակել աշխատելը: «Նախագահը ահագին բան է կատարել մարզում, երբ չգնահատվեց, մի ինչ-որ բան կոտրվել է, ես չեմ կարող դա կպցնել իմ մեջ»,- նշեց մարզպետը: Դիտարկմանը, թե որեւէ մեկից նեղացած եք, օրինակ` ժողովրդից, ՀՀԿ-ից եւ այլն, նա նկատեց. «Ես ժողովրդից չեմ կարող նեղանալ, ես ո՞վ եմ, որ ժողովրդից նեղանամ, ես նեղանում եմ մեր թիմի այն անդամներից, որոնք պետք է նորմալ աշխատեին ու չի ստացվել»:
Անկուսակցական մարզպետը հավաստիացրեց, որ ՀՀԿ-ում որեւէ մեկը որեւէ բան իրեն չի ասել դիմում գրելու վերաբերյալ, ճնշումներ չեն եղել եւ ինքը չի էլ խորհրդակցել ՀՀԿ-ի հետ, անձամբ է կայացրել այդ որոշումը եւ խնդրել է, որ իր դիմումը հարգեն. «Եթե ասեին` մի գնա, մնա, միեւնույն է, ոչինչ չէր փոխվելու»,- ասաց Աշոտ Գիզիրյանը: Աշոտ Գիզիրյանը ձեռնպահ մնաց նշել, թե ում է տեսնում որպես իր գործի շարունակող, ասելով, որ դա կորոշի Կառավարությունը, վարչապետը, կեսկատակ, կեսլուրջ էլ նշեց, որ «սուրբ տեղը դատարակ չի մնում»:
Թե ինչով է զբաղվելու այսուհետ Աշոտ Գիզիրյանը, հայտնի չէ, նա առաջարկում է առայժմ այդ թեմայով չխոսել: Մարզպետը նշեց, որ նախեւառաջ պատրաստվում է հանգստանալ Հայաստանում: Իսկ թե որտեղ կտեսնենք մարզպետին ապագայում` գործադիրում, թե վերադարձ ոստիկանություն, գուցե բիզնեսով զբաղվի, նա այսպես մեկնաբանեց. «Ես բիզնեսմեն չեմ, որ բիզնեսով զբաղվեմ, երկար տարիներ աշխատել եմ ուժային կառույցում, իրոք հոգնել եմ, ուզում եմ հիմա մի քիչ հանգստանամ, թոռնիկիս հետ զրուցեմ: Թոռնիկիս ձեռը բռնելու եմ, քաղաքով մի քիչ ման գամ: Իմիջայլոց թոռնիկս հինգ տարեկան է,որը ինձ անունով է դիմում: երկուսով ման ենք գալիս, մեկս մյուսիս Աշոտ ենք ասում»,- նշեց Շիրակի մարզպետը:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Առայժմ հայտնի չէ, թե ով է զբաղեցնելու Գիզիրյանի տեղը:




























