Փարիզի Աստվածամոր տաճարի խորանի մոտ, այսօր՝ մայիսի 21-ին, հարյուրավոր զբոսաշրջիկների աչքի առջեւ իրեն գնդակահարած տղամարդը, պարզվում է ֆրանսիացի հայտնի գրող Դոմինիկ Վեններն է, ով դեմ էր հանդես գալիս Ֆրանսիայում վերջերս ընդունված նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանուել Վալսին, դեպքի պահին տաճարում եղել է մոտ 1500 մարդ:
«Երեքշաբթի երեկոյան պատարագ կմատուցվի, որին ներկա կլինեն մայրաքաղաքի բոլոր եպիսկոպոսները: Ներկայումս տաճարը փակ է բոլոր այցելուների համար: Դեպքի վայրում աշխատում են մասնագետները, հետաքննություն է ընթանում»,-ասել է ՆԳ նախարարը:
Պարզվել է նաեւ, որ մահացածի մոտ 5-6 նամակներ են գտել, որտեղ նա բացատրում է իր արարքի դրդապատճառները: Մանրամասները պարզվում են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փարիզի Աստվածամոր տաճարի խորանի մոտ, այսօր՝ մայիսի 21-ին, հարյուրավոր զբոսաշրջիկների աչքի առջեւ մի տղամարդ գնդակահարել է իրեն: Միջադեպի հետ կապված շենքից տարհանել են բոլոր զբոսաշրջիկներին եւ հավատացյալներին: Ներկայումս պարզվում է իքնասպանություն գործածի ինքնությունը եւ արարքի դրդապատճառները: Հայտնի է, որ նա 50-60 տարեկան է:
Ինչպես նշում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, սա վերջին ժամանակներս առաջին ինքնասպանության դեպքը չէ Ֆրանսիայի մայրաքաղաքում: Հինգ օր առաջ քաղաքի կենտրնում գտնվողն տարրական դպրոցում երեխաների աչքի առջեւ ինքնասպան էր եղել մի տղամարդ:




























