Պարբերաբար սպորտով զբաղվելու սովոր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիրներ ունի «մեծ ությակի» գագաթաժողովում: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանակին զբաղեցրել է  հյուրանոցի մարզասրահը` Պուտինին մարզումների համար թողնելով միայն տեղի լիճը, գրում են լրատվամիջոցները: 

Նշվում է, որ խնդիրներ կարող է ստեղծել 69 մ խորությամբ լճի՝  նույնիսկ ամռանը բավական պաղ ջուրը:

Թեեւ բրիտանական The Times-ը չի բացառում, որ Պուտինին դա կարող է նույնիսկ դուր գալ: Սակայն եթե նախագահը որոշի լողալ, նրան կարող են խանգարել բրիտանական ոստիկանությունը, ԱՄՆ-ի ծովայինները եւ լճի կենդանական աշխարհը:

Մարզասրահների հետ կապված ստեղծված դրությունը The Sun –ը բնութագրել է «սառը պատերազմ»:  Ըստ հրատարակչության` Օբաման չի ցանկացել ռուսաստանցի գործընկերոջը զիջել ֆիթնես սրահը, ոչ էլ միասին մարզվելու հնարավորությունն է դիտարկել:

Թերթի աղբյուրը պատմել է, որ Պուտինն էլ, Օբաման էլ մարզասրահի հանդեպ հավակնություններ են ունեցել, սակայն ԱՄՆ-ի նախագահի մարդիկ հասցրել են այն ավելի շուտ պատվիրել: Ամենայն հավանականությամբ, խնդիրը կարող է  «խոչընդոտ» դառնալ, սակայն ռուսներն արագ նահանջել են: Պուտինի ներկայացուցիչները հայտնել են, որ  ՌԴ նախագահը կարող է վաղ առավոտյան լողալ լճում` մարզասրահում քրտնելու փոխարեն, գրում է NEWSru.com-ը:

The Sun-ը հիշեցնում է, որ ՊԱԿ-ի  60-ամյա նախկին սպա Պուտինը հայտնի է «մաչոյի» իր կերպարով եւ մաքուր օդի նկատմամբ  սիրով, այդ պատճառով էլ դժվար թե նրան վախեցնի սառը ջուրը: