Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 30-ին, կդառնա 59 տարեկան: Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ նախագահն իր ծննդյան օրը կնշի Հայաստանում` ընտանեկան մթնոլորտում:

Նշենք, որ Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչեւ 1979 թվականը:

Անկախ Հայաստանում զբաղեցրել է պետական անվտանգության վարչության պետի, ազգային անվտանգության նախարարի, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, պաշտպանության նախարարի, վարչապետի պաշտոնները: 2008 թվականից Հայաստանի նախագահն է: