Որոշ միջազգային լրատվամիջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հայտնվում է չարամիտ բովանդակություն, որն ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև անխախտ կապերի, ռազմավարական դաշինքի և «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի դեմ։ Դրա մասին ասվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի Հաղորդակցության վարչությանն առընթեր Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։

«Նշված հրապարակումները բացահայտ հանրային կարծիք ձևավորելու գործողություն են, որն ուղղված է երկու բարեկամ և եղբայրական երկրների միջև խորապես արմատավորված հարաբերությունները խաթարելուն և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը սաբոտաժի ենթարկելուն։

Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն շարունակում են զարգացնել իրենց հարաբերությունները, որոնք կառուցված են ընդհանուր պատմության, մշակույթի և անխախտ եղբայրության հիմքի վրա, բոլոր ոլորտներում։

Հասարակական կարծիքը մանիպուլյատիվ հռետորաբանությամբ մոլորեցնելու փորձերը չեն հասնի իրենց նպատակին։ Հանրությանը խստորեն խորհուրդ է տրվում չվստահել հոգեբանական պատերազմի նպատակներով նախատեսված նման բովանդակությանը և հաշվի առնել միայն պաշտոնական իշխանությունների հայտարարությունները»,- նշել են Էրդողանի վարչակազմում։