Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փորձաքննության պատասխանը պաշտպանական կողմը դեռ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան, Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե վերջինիս արյան մեջ թմրանյութ է եղել:
Նա նշեց, որ նման տեղեկություն չունի, այդ մասին լսել է լրատվամիջոցներից: Մինչ այդ թեմայով Տիգրան Խաչատրյանի հետ չի խոսել. «Նման ինֆորմացիա չեմ ունեցել, որ խոսեմ, ձեզ չեմ ասի»,- ասաց Ռուբեն Սահակյանը:
Նշենք, որ Aysor.am-ի տեղեկությունների համաձայն` փորձաքննությամբ ապացուցվել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի արյան մեջ եղել է թմրանյութ:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին Զիլֆուղարյանը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:





























