ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հուլիսի 9-ին համաձայնվել է Վենեսուելայի իշխանությունների առաջարկին՝ տեղափոխվել այնտեղ եւ այնտեղ քաղաքական ապաստան ստանալ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

«Ինչպես եւ հարկ է սպասել, Սնոուդենը համաձայնվել է քաղապաստան ստանալու Մադուրոյի առաջարկին: Թերեւս, այդ տարբերակը Սնոուդենին ամենահուսալին է թվացել»,- գրել է պատգամավորը: Նա իր տեղեկության աղբյուրը չի նշել, իսկ ավելի ուշ գրառումը հեռացրել է Twitter-ից, հայտնում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Սնոուդենին առաջարկել է քաղապաստան ստանալ իր երկրում: Երեք օր անց Կարակասը ստացել էր ԿՀՎ նախկին աշխատակցի պաշտոնական հարցումը: