Եգիպտոսի դատախազությունը «Մահմեդական եղբայրների» հոգեւոր առաջնորդ Մուհամեդ Բադիային եւ շարժման մի քանի այլ առաջնորդների, մասնավորապես՝ գլխավոր խորհրդականի տեղակալ Մահմուդ Էզատին, Մոհամեդ էլ Բալթաջիին եւ Էսամ էլ Էրիանին կալանավորելու հրահանգ է ստորագրել, գրում է rbc-ն: Նրանց մեղադրում են սադրանքների մեջ, որոնց հետեւանքով հուլիսի 8-ին Կահիրեում 55 մարդ է զոհվել:
Իր հերթին «Մահմեդական եղբայրների» ներկայացուցիչը հայտնել է, որ դեռ ոչ ոքի չեն բանտարկել: Ըստ նրա՝ դատախազության այդ որոշումն ուղղված է Կահիրեի հյուսիս-արեւելքում շարժման կողմնակիցների ցույցը դադարեցնելուն, վերջիններս պահանջում են պաշտոնին վերադարձնել նախագահ Մուհամեդ Մուրսիին, նշում է «Ինտերֆաքսը»:
Մուրսին ներկայումս ապահով վայրում է: Այդ մասին հայտնել են երկրի ԱԳՆ-ի ներկայացուցիչները: Ըստ նրանց՝ նրա նկատմամբ ոչ մի դատավարություն չի տարվում եւ պաշտոնական մեղադրանք դեռ չեն ներկայացրել:
Ավելի վաղ արդեն կալանավորվել էին կազմակերպության քաղաքական թեւի առաջնորդ Սայադ Էլ Քաթաթնին, ինչպես նաեւ նրա տեղակալներից մեկը՝ Ռաշադ ալ Բաումին:





























