Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2027 թվականին պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 27 մլրդ 468 մլն դրամ։ Սա շուրջ 2,9 մլրդ դրամով ավելի է, քան 2026 թվականին։ Այս մասին նոյեմբերի 3-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Արդարադատության նախարարության հիմնական ծրագրերն են դատական և իրավական բարեփոխումների հետևողական իրականացումը, թվային արդարադատության զարգացումը, քրեակատարողական, պրոբացիայի և հարկադիր կատարման ծառայությունների կարողությունների ամրապնդումը։ Կբարեփոխվի նաև ընտրական օրենսդրությունը՝ հաշվի առնելով 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների դասերը։ Կշարունակվի նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքը», - նշել է Գալյանը։