USS Theodore Roosevelt ատոմային ավիակրի գլխավորած ավիակիր հարվածային խումբը շարժվում է դեպի Մերձավոր Արևելք։ Այս մասին վկայում են ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայության տվյալները։
Խումբը, որի կազմում են USS Theodore Roosevelt ավիակիրը, USS Chosin հրթիռային հածանավը և USS Paul Hamilton ու USS Decatur էսկադրային ականակիրները, ավարտել է Keen Sword 27 զորավարժություններին իր մասնակցությունը։ Այժմ այն Հարավչինական ծովով շարժվում է դեպի Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի։ Խմբի կազմում է նաև Seahawk միջին չափի անանձնակազմ նավը (MUSV), որը նախատեսված է ռադիոէլեկտրոնային հետախուզության, վերջրյա և ստորջրյա իրադրության դիտարկման ու վաղ նախազգուշացման խնդիրների կատարման համար։
Ինստիտուտի տվյալներով՝ Արաբական ծովում՝ Իրանից հարավ-արևելք, այժմ մարտական հերթապահություն են իրականացնում ամերիկյան երկու ավիակիր հարվածային խմբեր՝ USS George Washington և USS George Bush ավիակիրների գլխավորությամբ։ Ավիակիրներից յուրաքանչյուրի վրա տեղակայված է 48 կործանիչ։ Ավիակիրների հետ միասին Իրանի մերձակայքում տեղակայված են մեկ հածանավ, 11 հրթիռային էսկադրային ականակիր և USS Miguel Keith արշավախմբային ծովային բազան։
ԱՄՆ ռազմածովային ուժերի ևս երկու էսկադրային ականակիր գտնվում են Կարմիր ծովում, ևս երկուսը՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում։
Մինչդեռ ամֆիբիական դեսանտային խումբը, որի կազմում են USS Boxer համընդհանուր դեսանտային ավիակիր նավը, USS Portland ուղղաթիռակիր դեսանտային դոկ-նավը և USS Comstock դեսանտային տրանսպորտային դոկ-նավը, լքել է CENTCOM-ի պատասխանատվության գոտին։ Այս նավերի վրա տեղակայված է ծովային հետևակի 11-րդ արշավախմբային գումարտակը։ Նավերի ջոկատն արդեն Հնդկական օվկիանոսում է՝ Շրի Լանկա կղզուց արևելք։
Այդ խմբին փոխարինելու համար Մերձավոր Արևելք պետք է ժամանի մեկ այլ ամֆիբիական դեսանտային խումբ՝ USS Makin Island համընդհանուր դեսանտային նավի գլխավորությամբ։





























