Հայաստանում կալանավորված են ոչ միայն կոնկրետ մարդիկ՝ քաղաքական գործիչներ ու հոգևորականներ, այլև այլընտրանքային կարծիք ունենալու իրավունքն ու արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը։ Այս մասին «Կալանավորված Հայաստան» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Վարդանյանի խոսքով՝ կալանավորումը չի կարող օգտագործվել քաղաքական ընդդիմախոսներին և այլախոհներին վախեցնելու համար, մինչդեռ Հայաստանում, նրա գնահատմամբ, տեղի է ունենում ճիշտ հակառակը։
Նրա խոսքով՝ երբ կալանավորումները համընկնում են ընտրությունների կամ այլ քաղաքական գործընթացների հետ, հասարակությունն իրավունք ունի կասկածի տակ դնելու արդարադատության օբյեկտիվությունը։
Վարդանյանը հավելել է, որ երբ պետությունը սկսում է քննադատությունն ու ընդդիմությունն ընկալել որպես թշնամիներ, դա խարխլում է ժողովրդավարության հիմքերը։ Նախկին պատգամավորի խոսքով՝ քաղբանտարկյալների ցուցակներում տասնյակ մարդիկ են ընդգրկված, որոնց նույնիսկ հաշվելն է դժվար։
Ազատությունից զրկված բոլոր հայրենակիցները՝ լինեն Հայաստանի բանտերում, թե Բաքվում, պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ Հայաստանը պետք է ազատ լինի, ընդգծել է Վարդանյանը։





























