Ես սահմանադրության բարեփախման խորհրդի լուծարման անհրաժեշտություն բնավ չեմ տեսնում, և սահմանադրության տեքստի հրապարակումը նշանակում է, որ խորհուրդը ավելի ինտենսիվ պետք է աշխատի, առնվազն իմ պատկերացմամբ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մինչև այս պահը տեքստի գրեթե 80% կարգավորումները խորհրդի հետ քննարկված են եղել, և մյուս 20%-ը, եթե հասցնենք, ես խոստացել եմ խորհրդի անդամներին նրանց ուղարկել մյուս կարգավորումները, կքննարկենք մինչև տեքստի հրապարակումը։ Եթե ոչ, քննարկումները կշարունակվեն տեքստի հրապարակումից հետո, որովհետև, ինչպես բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել նշելու, նախագիծը, որը կհրապարակվի, կրելու է նախնական բնույթ։ Այսինքն դա լինելու է փոփոխությունների, լրամշակումների ենթական նախագիծ։
Ես ավելի կողմ եմ ամբողջական տեքստը խորհրդի հաստատմանը դնելուն։ Ես հաստատում չէի անվանի։ Իրականում մի քիչ ձևաչափը նախորդ տարվա ընթացքում մենք փոխել ենք, որովհետև տեմպի առումով դանդաղում էինք, եթե յուրաքանչյուր հարց դնեինք քվեարկության։ Մենք շատ հարցեր միասին քննարկել ենք, որոշ հարցերի շուրջ քվեարկություն եղել է, որոշ հարցերի շուրջ քվեարկություն չի եղել, և խորհրդի կազմն էլ այնպիսին է, որ կոնսենսուսային տարբերակ իրականում դժվար է պատկերացնել, որ կլինի»,–ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում, որ վարչապետը Սահմանադրության ընդունման համար սպառնում է ընդիմությանը փողոցային պայքարով, Գալյանն ասաց. «Լեգիտիմ է այն, ինչը համապատասխանում է ժողովրդավարական սկզբունքներին։ Նախ ժողովրդի քվեի դեմ միտինգ անելու մասին խոսք չի եղել։ Մենք ունենք խորհրդարանում ձայների այնպիսի բաշխվածություն, որ որպեսզի սահմանադրությունը դրվի հանրաքվեի, այսինքն, որպեսզի ժողովուրդը որոշի, պետք է որոշակի շեմ հաղթահարվի։
Հիմա ընդիմությունը կարող է որոշել, ինքը կո՞ղմ է, որպեսզի ժողովրդավարությունը գործի, թե կողմ չէ։ Եթե ընդդիմությունը դեմ է քվեարկությն, նա դեմ է քվեարկության ժողովրդավարությանը։ Ընդիմությունը ի՞նչ ունի վախենալու, եթե մտածում է, վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը։ Կարող է ընդդիմության ընտրողները կողմ են հանրաքվեին, եկեք առաջ չընկնենք և տեսնենք։
Իրականում երկու երրորդի պահանջ ոչ մի երկրում չկա, այսինքն ձևական պահանջներով ժողովրդավարության ուղիղ իրացումը չի կարող սահմանափակվել»,–ասաց նախարարը։





























