Տրանսֆերտները չի կարելի ընդհանուր տնտեսական գործընթացներից մեկուսացած դիտարկել: Իրականում դրանց դերը բավականին մեծ է: Տրանսֆերտներ ստացողների` ապրանքներին եւ ծառայություններին ուղղված ծախսերը նշանակում են եկամուտներ  առեւտրային ընկերությունների համար, որոնց մի մասը գնում է անձնակազմի աշխատվարձերի վճարմանը:

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվք նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճն ու վարձու աշխատողների միջին աշատավարձի աճը նույն մակարդակի վրա էին` 3,6%: Միաժամանակ, մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիական ծավալը նույն ժամանակահատվածում աճել է  3,7%-ով, իսկ վճարովի ծառայություններինը` 5,8%-ով:

Այստեղից կարելի է ենթադրել, որ այս դրական տեղաշարժն ապահովվել է  այլ գործոնների շնորհիվ: Ինչի վրա, անկասկած, իրենց ազդեցությունն են ունեցել մասնավոր տրանսֆերտները:

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին  ֆիզիակական անձանց կողմից առեւտրային բանկերի միջոցով ստացված ոչ առեւտրային բնույթի տրանսֆերտների ծավալը  կազմել է 577,4 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է  57,5 մլն դոլարով կամ 11,1%-ով:

Նկատենք, որ նույն ժամանակահատվածում Հայաստանում դոլարը դրամի նկատմամբ ամրապնդվել է 4,5%-ով, այնպես որ դրանով տրանսֆերտների գումարն աճել է 16,0%-ով: Ավելացնենք, որ միայն դոլարի փոխարժեքի փոփոխության հաշվին  տրանսֆերտների գումարն աճել է 10,3 մլրդ դրամով:

2006 թ-ին ԿԲ կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն` բանկերի միջոցով Հայաստան է գալիս մասնավոր տրանսֆերտների մոտ 80%-ը: Ելնելով սրանից` երկրի տնային տնտեսությունների կողմից ստացվող տրանսֆերտների ընդհանուր ծավալը կարելի է գնահատել 288 մլրդ դրամ:  Մանրածախ ապրանքաշրջանառության եւ վճարովի ծառայությունների ընդհանուր ծավալներում այդ գումարը կազմում է 33%:

Ըստ վերը նշված ուսումնասիրության` ստացված տրանսֆերտների 84% -ն ուղղվում է ուսման վարձերին եւ կենցաղային տեխնիկայի ձեռք բերմանը: Սակայն անգամ սյս փաստը հաշվի առնելու դեպքում տրանսֆերտների մասնաբաժինը ապրանքաշրջանառության եւ վճարովի ծառայությունների ընդհանուր ծավալում մեծ է` առնվազն 28%:

Այսպիսով, տրանսֆերտների բացարձակ մեծությունն  ու դինամիկան մեծապես նպաստել է  ապարնքաշրջանառության եւ վճարովի ծառայությունների ֆիզիկական ծավալի աճին: Սակայն առավել կարեւոր է այն, որ  առանց գնաճին գերազանցող  տրանսֆերտների աճի տեմպի` երկրի տնային տնտեսությունների մեկ երրորդի կյանքի մակարդակը կտրուկ կվատանար:  

Սա, իհարկե, բացարձակ միջին ցուցանիշով:  Դատելով նույն ուսումնասիրության արդյունքներից,  47% տնային տնտեսությունների կողմից ստացվող տրանսֆերտների միջին ամսական ծավալը չի հասել 42 դոլարի շեմին:

Ելնելով տրանսֆերտների դինամիկայից` այդ շեմը ներկայումս կարելի է գնահատել 75  դոլար ամսական: Սրանք ֆանտաստիկ գումարներ չեն` հաշվի առնելով գների եւ սակագների ներկայիս մակարդակը...

Ալբերտ Խաչատրյան