Եվրամիությունը շարունակում է միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ օրինակարգ միակողմանի սահմանափակող միջոցների քաղաքականություն վարել։ Հուլիսի 23-ին ԵՄ խորհուրդը հաստատել է հակառուսական պատժամիջոցների հերթական՝ քսանմեկերորդ «փաթեթը», որը նպատակաուղղված է վնաս հասցնել մեր երկրին։ Այդ մասին նշվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«ԵՄ-ի անիրավաչափ որոշումներին արձագանքելու շրջանակում ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է եվրոպական ինստիտուտների, Եվրամիության անդամ պետությունների և Բրյուսելի հակառուսական քաղաքականությանը սատարող մի շարք եվրոպական երկրների ներկայացուցիչների ցուցակը, որոնց, 1996 թվականի օգոստոսի 15-ի թիվ 114-ФЗ «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին համապատասխան, արգելվել է մուտքը մեր պետության տարածք։

Այն ներառում է այն անձանց, որոնք ներգրավված են Կիևի ռեժիմին ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ որոշումների ընդունման մեջ, ծավալում են գործունեություն՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության խաթարմանը, պատասխանատու են հակառուսական պատժամիջոցների սահմանման, երրորդ երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններին վնաս հասցնելու, մեր երկրի շահերից բխող ծովային նավագնացությանը խոչընդոտներ ստեղծելու համար, առնչություն ունեն մտացածին պատրվակներով Ռուսաստանի քաղաքացիների հետապնդմանը, Եվրոպայի խորհրդի հարթակում կեղծ իրավական հակառուսական «մեխանիզմների» ձևավորմանը, հանդես են գալիս ռուսական պետական ակտիվների ապօրինի բռնագրավման կամ դրանցից ստացվող շահույթի օգտագործման օգտին։ Մեր կողմից սահմանափակող միջոցներ են կիրառվել նաև Ռուսաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշում ունեցող «քաղաքացիական ակտիվիստների» և եվրոպական երկրների ակադեմիական համայնքի ներկայացուցիչների, ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարանների պատգամավորների և Եվրախորհրդարանի այն պատգամավորների նկատմամբ, որոնք քվեարկել են հակառուսական բանաձևերի և օրինագծերի օգտին։

Չնայած Բրյուսելի ապակառուցողական քաղաքականությանը՝ մեր երկիրը կշարունակի հաստատակամորեն հավատարիմ մնալ իր արտաքին քաղաքական կուրսին, որն ուղղված է ազգային շահերի պաշտպանությանը, Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովմանը, ինչպես նաև արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը մասնակցելուն։

Եվրամիության կողմից հակառուսական միակողմանի պատժամիջոցների ընդլայնմանն ուղղված ցանկացած հետագա գործողություն նաև այսուհետ մեր կողմից պատշաճ արձագանք կստանա»,- նշվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։