ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է իր մտադրությունը՝ մասնակցել սեպտեմբերին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք G20-ի գագաթաժողովին, հաղորդում է Reuters-ը: Միաժամանակ, նա նշել է, որ երկկողմ հանդիպումներ կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:
Հանդես գալով NBC հեռուստաալիքի եթերում, Օբաման հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանի որոշմամբ, որը ժամանակավոր ապաստան է տվել ամերիկյան հատուկ ծառայություններից արտահոսքի հեղինակ Էդվարդ Սնոուդենին, սակայն դա չի ազդի G20-ի գագաթաժողովին մասնակցելու իր որոշման վրա:
ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ պատճառ չի տեսնում, որը կարող էր խանգարել Ռուսաստանի հետ առավել որակական համագործակցությանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Լինում է ժամանակ, երբ նրանք վերադառնում են «սառը պատերազմի» մտածողությանն ու մենթալությանը, բայց ես նախագահ Պուտինին ասում եմ, որ այդ ամենն անցյալում է եւ որ մենք պետք է մտածենք ապագայի մասին: Չկա պատճառ, որից ելնելով մենք չենք կարող ավելի արդյունավետ համագործակցել, քան հիմա ենք համագործակցում»,-ասել է Օբաման:




























