Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը կանչվել է հարցաքննության իր նկատմամբ` քաղաքացու կողմից ստացված ահազանգի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում, բայց նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Սահակյանը:

Նա նշեց, որ գործը ընթացքի մեջ է, իրեն կանչել են հարցաքննության, ինքը պատմել է տեղի ունեցածը, իրեն մեղադրանք չի առաջադրվել: «Ընթացքը ցույց կտա, տեսնենք, չգիտեմ: Եթե արդարություն կա, չեմ կարծում, որ ինձ մեղադրանք առաջադրեն»,- ասաց նա: Մեր հարցին, թե կա երկրում արդարություն, նա միանշանակ դրական պատասխանեց` «իհարկե կա»:

Գագիկ Սահակյանն ասաց, որ գործի շրջանակներում ձերբակալված անձինք չկան: «Էդ ի՞նչ գործ է, որ ձերբակալված էլ լինի: Ես համարում եմ, որ պիտի կարճեն այդ գործը, որովհետեւ նման դեպք չի եղել, ընդամնեը զրպարտանք է»,- ասաց Սպիտակի քաղաքապետը:

Քաղաքապետը նշեց, որ մինչեւ քննության ավարտը չի ցանկանում խոսել այս թեմայով, իսկ դրանից հետո պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին, նույնիսկ հնարավոր է ինքը ասուլիս կազմակերպի եւ «բացահայտումներ անի, թե ինչն է պատճառը, որ այդ մարդը այդպիսի զրպարտանքներ է անում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սպիտակի բնակիչ, 71-ամյա Լեւիկ Մարյանը դիմել է ոստիկանության Սպիտակի բաժին եւ հայտնել, որ երեկ` հուլիսի 9-ին, ժամը 14:40-ի սահմաններում, Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Սպիտակի քաղաքապետ, 48-ամյա Գագիկ Սահակյանը հարվածել է իրեն: Հարվածի հետեւանքով վերջինս վայր է ընկել եւ ստացել մարմնական վնասվածք: Լեւիկ Մարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, հանգամանքները պարզվում են:

Դեպքի առթիվ Լոռիի դատախազությունում քաղաքացու կողմից ստացված ահազանգի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի նկատմամբ: Այդ հոդվածով սահմանվել է ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով: